«Մեղավոր են ղեկավարները». զոհվածի մայր (տեսանյութ)
19-ամյա Դավիթ Հայրապետյանին վիճակված էր ապրիլի 8-ին հերոսանալու։ Կապուտաչյա տղայի մասին արդեն գիտեն ոչ միայն հայրենի՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում. «Մի կինո կար՝ Կասանդրայի լույս Դավիթ, ասացի, որ տղա ունենամ, անունը պիտի Դավիթ դնեմ։ Երևի Աստծուց տված անուն էր, իրեն շատ սազող»,-պատմում է մայրը՝ Մարինե Հայրապետյանը։
Նա որդու լուսանկարի հետ է զրույց անում՝ հիշելով նրա կարճ կյանքը՝ օրորոցից սկսած։ «Ծնված օրվանից օրորոցի մեջ լացել չկար։ Հողամասում ցանում, մշակում էինք, գալիս, երեխան դեռ անձայն պառկած էր»,-հիշում է նա։
Մինչև հիմա ընտանիքը չգիտի, թե ինչպես է զոհվել Դավիթը։ Ենթադրում են՝ եղել է տանկի մեջ։ «Մինչև հիմա չեմ հավատում։ Երևի կգիտակցեմ այն ժամանակ, երբ իր բանակի օրերը վերջանան, տուն չգա, կհասկանամ, որ էլ չկա»,-ասում է քույրը՝ Դիանան։ Դավիթը չորս զավակներից ամենակրտսերն է։ Ծառայության ընթացքում նա քրոջ հետ գրեթե ամեն օր հեռախոսով խոսել է։ Վերջին անգամ զրույցը սովորականից երկար է ձգվել. «Այդ օրը մի ժամ երևի ծիծաղել է։ Չէր ուզում անջատել»,-նշում է Դիանան։
Հայրապետյաններն իրենց տունը վերջին մի քանի տարվա ընթացքում են կառուցել։ Դավիթն այնտեղ հասցրեց ապրել ընդամենը մեկ տարի։ Շինարարական աշխատանքները դեռ ավարտված չեն։ Երիտասարդը հողագործություն առանձնապես չի սիրել, սակայն բակի միակ ծիրանի ծառն առանձնահատուկ է խնամել։
Դիանան եղբոր մեջ առանձնացնում է համեստությունը. «Ես միշտ ասում էի՝ Դավիթ, դուրս արի, շփվի. շատերը գիտեն, որ մենք այդպիսի տղա չունենք։ Ասում էր՝ ինչ գիտես, ի՞նչ է լինելու։ Կտեսնեք՝ հետո ինչ տղա կդառնամ»։
Ապրիլյան պատերազմում հերոսացած Դավթի լուսանկարը մյուս հերոս համագյուղացու՝ Գագիկ Մելքոնյանի նկարի հետ հարազատ դպրոցում է։ Դասասենյակը, որտեղ սովորել է Դավիթը, շուտով կանվանակոչվի իր անունով։
Իսկ Դավիթի մայրը հիմա մի ցանկություն ունի. «Խաղաղություն։ Թող ոչ մի ծնող այսպիսի կորուստ չտեսնի։ Անգամ թուրքի մայրն իր երեխային չպետք է կորցնի։ Այդտեղ ոչ թուրքի երեխան է մեղավոր, ոչ էլ...Այդտեղ մեղավոր են ղեկավարները»։
Մանրամասները՝ տեսանյութում