«Նման քայլերով նրանք շատ շուտ կհասնեն Բաքու» (տեսանյութ)
«Ղարաբաղյան իշխանություններն իրենց չեն պատկերացնում այն պատասխանատու իշխանությունների դերում, ինչպիսին պետք է նրանք լինեն։ Սա կարելի է դիտարկել Ղարաբաղի կայացմանը և ինքնահաստատմանն ուղղված ամենամեծ քայլերից մեկը՝ նախ այն դեպքը, որ Բերձորում եղավ Ժիրայր Սեֆիլյանի և նրա համախոհների հետ կապված և հիմա էլ այս դեպքը։ Սրանք ավելի մեծ հարված կարող են հասցնել Ղարաբաղի լինելիությանը, քան ադրբեջանական հարձակումները»,- «Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին հունիսի 6-ին ծեծի ենթարկելու մասին։ Միջազգային հարթակներում ի՞նչպես կանդրադառնա այս միջադեպը Ղարաբաղի վարկանիշի վրա։ Հարցին ի պատասխան Վարդան Հարությունյանը նշեց. «Սա միջազգային հանրության աչքում Ղարաբաղի վարկը գցեց, հասցրեց այն աստիճանի, որ աստիճանի էր Հայաստանի վարկը կամ Ադրբեջանի վարկը։ Ղարաբաղն աշխարհում շահեկանորեն տարբերվում էր այս երկու երկրներից իր իմիջով, իսկ հիմա նրանք հավասարվեցին։ Այն քայլերով, որով այսօր շարժվում են ղարաբաղյան իշխանությունները, նրանք շատ շուտ կհասնեն Բաքու, բայց իրենց մակարդակով, իրենց մասին աշխարհում եղած պատկերացումներով կհասնեն Բաքու, այլ ոչ թե տարածքներ գրավելով կամ պատերազմներով»։ Անդրադառնալով նաև Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու վերաբերյալ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի մեկնաբանություններին՝ իրավապաշտպանն ընդգծեց. «Նա իր բացատրություններում ցույց տվեց, որ ինքը ոչ թե մամուլի խոսնակ է, այլ փողոցային պարզաբանումներ անող։ Այսինքն ծեծել են մի մարդու, որին նա չի հավանում և մոտավորապես ասում է, թե լավ են արել, որ ծեծել են։ Կարծում եմ, եթե Բակո Սահակյանը սկզբունքային գտնվի, ապա այդ մարդը չպետք է շարունակի մնալ մամուլի խոսնակի պաշտոնում»։ Հայկ Խանումյանի կնոջ հաղորդման հիման վրա ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Մինչդեռ իրավապաշտպանը թերահավատորեն է մոտենում գործի բացահայտմանը՝ նշելով, որ այս գործի բացահայտման համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք ցուցաբերել։ «Եթե նրանք չցանկանան ձերբազատվել այդ հանցագործությունից, չցանկանան ցույց տալ աշխարհին, որ իրենք դրա հետ որևէ առնչություն չունեն, նրանք պետք է դա բացահայտեն։ Բայց, եթե հանկարծ որոշեն չբացահայտել, կարող է և չբացահայտեն։ Ոչ ոք չի կարող զարմանալ դրանից»։ Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանը պահանջում էր իր պաշտոնին վերադարձնել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով վերջերս է վերադարձել Մոսկվայից։ Վարդան Հարությունյանը Սամվել Բաբայանի վերադարձի պատճառների մասին չի շտապում խոսել, քանզի դրանք ենթադրությունների մակարդակով են, որոնք նա չի ցանկանում հրապարակել։ «Սամվել Բաբայանը Ղարաբաղի կայացման, ինքնահաստատման շրջանում ամենավերջին դերակատարում ունեցող անձը չի։ Նա շատ լուրջ և ծանրակշիռ դերակատարում է ունեցել Ղարաբաղի լինելիության բնագավառում։ Եթե վերադարձել է և այդ ուղղությամբ նա անելիք ունի կամ եթե ցանկություն ուներ իշխանությունների հետ առնչվելու, ապագայի մասին իր պատկերացումներն ասելու, ապա կարծում եմ, որ իշխանությունները պետք է շատ ադեկվատ դրան մոտենային, թեկուզ ընդունեին նրան՝ թե Հայաստանում, թե Ղարաբաղում, հանգիստ լսեին նրան, որոշ հարցերում համաձայնեին նրա հետ կամ չհամաձայնեին, ասեին, որ նրա ինֆորմացիան տեղին է կամ տեղին չի, այն ամենն, ինչ որ նա ասում է, իրենք արդեն արել են կամ անում են կամ էլ ասեին շնորհակալություն խորհուրդների համար և այդքանով ամեն ինչ կփակվեր և այս ծիծաղելի շուները չէին լինի։ Ամեն ինչ շատ խաղաղ, շատ նորմալ կընթանար այնպես, ինչպես լինում է քաղաքակիրթ երկրներում, երբ որ նախկին որևէ պաշտոնյա փորձում է խորհուրդներ տալ իշխանություններին»։ Այս համատեքստում, սակայն, պարոն Հարությունյանը չբացառեց նաև, որ Սամվել Բաբայանի վերադարձը հնարավոր է, որ նախապես ծրագրավորված սցենար լինի։ «Շատ հնարավոր է նաև դա, բայց ես չեմ կարող հաստատապես խոսել մի բանի մասին, ինչից անձամբ տեղյակ չեմ։ Այդուհանդերձ, այդ կապակցությամբ ես ունեմ իմ անձնական ենթադրությունները, որոնք հրապարակային քննարկման առարկա չեն»,-եզրափակեց նա։