Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը անցած շաբաթ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի հավաքականին եւ հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ էր ներկայացրել: Սակայն Հայաստանի երիտասարդական հավաքականին հնարավոր է տեխնիկական պարտություն գրանցվի 0:3 հաշվով, քանի որ հանդիպմանը մասնակցած Ռաֆայել Սաֆարյանը նախորդ շրջափուլում 2 դեղին քարտ ստանալով հեռացվել էր խաղադաշտից եւ ըստ նախնական տեղեկությունների իրավունք չուներ մասնակցելու այս հանդիպմանը:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունում հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկությունը, նշելով միայն, որ դա կանեն մայիսի 30-ին ՈւԵՖԱ-ի կարգապահական նիստից հետո: Այդ նիստում ՈւԵՖԱ-ն կորոշի, թե արդյոք Ռաֆայել Սաֆարյանը իրավունք ուներ մասնակցելու Սան Մարինոյի հետ մրցավեճին:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստան-Սան Մարինո պատասխան հանդիպումը կայանալու է հունիսի 9-ին Երեւանում: Ի դեպ, Արդբեջանի երիտասարդական հավաքականին նախորդ շաբաթ ՈւԵՖԱ-ն որակազրկել էր` Իռլանդիայի հետ խաղում գրանցելով 0:3 հաշվով պարտություն, կրկին որակազրկված ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս բերելու համար: