Վարչապետը հոխորտացել է. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ բավականին լուրջ կռվող է եղել. Գալուստ Սահակյանն է ասում. «Չուներ անձնական կրթություն: Դա մեկ, դրանից հետո հանցագործություն է կատարել, նստել է 5 տարի, հետո դրանից հետո դուրս է եկել իր համար տարբեր երկրներում, աշխարհում ման է եկել, հիմա եկել է գործ է ուզում, ու պիտի գործ ճարեն ու տա՞ն: Չի կարող»: Խորհրդարանի ղեկավարը դեմ չէ, որ Սամվել Բաբայանը օգտակար լինի Ղարաբաղի ժողովրդին, բայց փոքրիկ խնդիր կա. «Դեռեւս չգիտենք ինչ ներուժ ունի, որ դրան աջակցենք կամ չաջակցենք»: Ղարաբաղ Սամվել Բաբայանի մտնելու հաջորդ օրը այդ երկրում նրա կողմնակցի հանդեպ տեղի ունեցած բռնությունը Արցախի խորհրդարանի պատգամավորի հանդեպ, ըստ դաշնակցական Արմեն Ռուստամյանի, ոչ մի լավ տեղ չի տանի Ղարաբաղը. «Ես վստահ եմ, որ էս ամենը արձագանք է ունենալու նաեւ Ադրբեջանում»: Մյուս կողմից, Արմեն Ռուստամյանը հասկանում է, թե ինչ է այս օրերին տեղի ունենում Ղարաբաղում. «Կա առջեւում ընտրություններ»: Ի դեպ, երեկ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ էր անում քիթը չխոթել Արցախի ներքաղաքական գործերի մեջ: Արմեն Ռուստամյանը համաձայն չէ. «Բոլորն էլ իրավունք ունեն իրենց մտահոգությունները հայտնեն»: Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանն, ի դեպ, այսօր խոսել է նաեւ մենաշնորհների դեմ Հովիկ Աբրահամյանի սկսած պայքարից. «Վարչապետը հոխորտաց եւ ասաց՝ էդ ամեն ինչը պահելու եմ հսկողության տակ»: Մենաշնորհներն այդքան էլ չեն սարսափեցնում խորհրդարանի ղեկավարին: Եվ վարչապետի պայքարն էլ նա չի համարում նախընտրական հնարք. «Նախընտրական պայքարի դեռեւս դուրս չենք եկել: Եվ հետեւյալի մասին խոսեմ նաեւ՝ երբեք ու երբեք խոսք չի գնացել նոր 17 թվի պառլամենտից հետո ինչպիսի քաղաքական դիրքորոշում պետք է ունենանք»: