Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ». Շարմազանովը՝ Նահապետյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
783fb4afe085a252eef6b69c9df6ae3e

ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը, երբ ներկայացվում էր պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի բյուջեի ցուցանիշները, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը համապատասխան հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեց ռուսական վարկային համաձայնագրով երկու հարյուր միլիոն դոլարի զինամթերքի հարցին. «Մատակարարումները մինչ օրս չեն արվել: Սա մտահոգությունների տեղիք պետք է տա»: Կորյուն Նահապետյանը նշեց, որ այդ կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է դռնփակ նիստին, որի ժամանակ Պաշտպանության նախարարը պարզաբանում է տվել. «Այդ նիստը տեղի է ունեցել մայիսի 23-ին, որից հետո որոշակի աշխատանքներ տարվում են, սակայն ելնելով բանակցությունների ու կողմերի միջեւ եղած վստահությունը չխաթարելու սկզբունքից՝ շատ մանրամասներ չեմ կարող հրապարակել: Ուզում եմ վստահեցնել՝ ՊՆ-ն ամեն ինչ անում է այդ զինամթերքը ձեռք բերելու համար»: Կորյուն Նահապետյանը բարկացավ, երբ տեղեկացավ, որ, ճիշտ է, լուսատախտակին չկար ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի անունը, սակայն նա հարց պետք է տա. «Արտոնյալ իրավունքո՞վ է նա հարց տալիս, թե՞ հերթագրվել է»: «Ինձ նախապես զգուշացրել է պարոն Բագրատյանը: Ես եմ նիստը վարողը, ես եմ որոշում»,- նկատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հրանտ Բագրատյանի հարցերը վերաբերում էին ռազմաարդյունաբերական համալիրին ու համապատասխան օրենքին: Կորյուն Նահապետյանի բարկությունը դեռ չէր անցել. «Ես կարծում եմ, որ այդ պրակտիկան չպետք է թույլ տալ. այն պատգամավորները, որոնք չեն հերթագրվում, չպետք է լրացուցիչ դիմեն նիստը վարողին ու արտոնյալ կարգավիճակում հարց տան: Պետք է բացառենք այդ պրակտիկան ու հետեւենք բացառապես կանոնակարգին: Ինչ վերաբերում է Ռազմաարդյունաբերական համալրին, ապա պարոն Բագրատյան, դուք որեւէ քննարկման չեք մասնակցել ու որեւէ հիմնավոր հարցադրում չեք արել: Ուղղակի օգտվել այս դահլիճի հնարավորությունից ու, առաջին անգամ չէ դա, հայտարարություններ անել, որոնք առարկայական դրսեւորումներ չունեն, ես սխալ եմ համարում: Եթե ունեք առաջարկներ, հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ: Ես հիշում եմ՝ երբ քննարկում էինք այդ օրենքը, դուք եկաք վերջին պահին ու վարման կարգով մի միտք հնչեցրիք, որ ձեր ժամանակ կառույցն ավելի լավն էր: Ուզում եմ ասել, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ օրենք է ընդունվել Ռազմաարդյունաբերական համալիրի մասին: Ես չեմ ասում, որ դա անթերի է»: Հրանտ Բագրատյանը զարմացած լսում էր նրան. «Այս ինչե՞ր եք ասում. ես կարող եմ գալ-չգալ, հարց եմ տվել, պատասխանեք: Լավ եմ արել, չեմ եկել, պատգամավոր եմ, իմ  աշխատանքն եմ անում՝ ինչքան հնարավոր եմ համարում, անում եմ: Ձեզ հարց է տալիս մի մարդ, որ հինգ տարի ղեկավարել է այդ հանձնաժողովը»: Ի պատասխան Կորյուն Նահապետյանն ասաց. «Ձեր արձագանքի ձեւի հետ կապված, ասեմ՝ իհարկե, շատ պատասխանատու պաշտոններ եք զբաղեցրել,  ուղղակի ցավով պետք է նկատեմ, որ առավելագույնս անընդհատ շեշտում եք դա: Ես, լինելով երիտասարդ, կոչ եմ անում անընդհատ չշեշտել դա: Ինչ է՝ ձեր պաշտոնավարման տարիներին անհաջողություններ չե՞ն եղել: Պետք չէ գերագնահատել ձեր ասածը, թեեւ լավ բաներ արել եք: Մի փոքր լավատես եղեք, ու ամեն ինչ լավ կլինի»: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ իրեն ուղղված կորյուն Նահապետյանի դիտողությանը. «Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում՝ ինչ պատասխան տա: Իսկ ԱԺ նախագահության լիազորությունների շրջանակներ մի մտեք. եղել են ու կան պատգամավորներ, որոնք չեն հասցրել գրանցվել, այս ինչ եք ասում:  Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ: Մարդը հիվանդանոց էր գնալու, ես ո՞ր բարոյական իրավունքով կարող էի նրան իրավունք չտալ»: