Արամ Աթեշյանին պետք է ստիպել, որ հրաժարական տա. Ա. Ախոյան (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակին՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ արքեպիսկոպոսն իր ցավն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման վերաբերյալ: Պարոն Ախոյանը մի շարք դեպքեր պատմեց, երբ Արամ Աթեշյանը պրոթուրքական կեցվածք է դրսեւորել. «Օրինակ՝ Վանի Սբ Խաչի բացմանը Արամ Աթեշյանը հայտարարեց, որ Թուրքիայի նման հանդուրժող ու ժողովրդավար պետություն գոյություն չունի: Մենք շատ անհարմար իրավիճակում հայտնվեցինք»: Նա ընդգծեց՝ Մայր Աթոռը պատասխանատու չէ Արամ Աթեշյանի հայտարարությունների համար. «Մայր Աթոռը համարյա թե իրավասություններ չունի այս հարցում. մի խառնեք նրան այս գործում: Իմ կարծիքով՝ այս պարագայում միակ ելքը պատրիարքի նոր ընտրություններ անցկացնել է, սակայն Արամ Աթեշյանի սրտով չի լինի դա. թուրքահաճո իր գործողություններով նա երկարաձգում է իր պաշտոնավարումը: Միակ ճանապարհը՝ մեկ օր շուտ հրաժարվի իր պաշտոնից ու նոր պատրիարքի ընտրութուններ լինեն, ու նոր պատրիարքը հասկանա հայ ժողովրդի հետաքրքրություններն ու սեփական կաշվի մասին չմտածի ու վեր դասի իր շահը: Արամ Աթեշյանը Թուրքիայի դեսպանը չէ մեր եկեղեցում»: Պարոն Ախոյանն ընդգծեց՝ սա անարգանք է Հրանտ Դինքի հասցեին. «Ու ոչ ոք թող չփորձի համոզել, որ սա ճնշումների տակ է արվել. ես քաջ ծանոթ եմ ու անգիր գիտեմ Թուրքիան՝ Թուրքիայի հայերը անվախ են: Ես միշտ նրանց ասում եմ՝ ոչ մի տարբերություն չկա այն զինվորի, որ սահմանին է կանգնած ու ձեր միջեւ: Նույնիսկ շատ թուրքեր քննադատեցին նրա այս արարքը: Եվ դրա համար այդ ճնշումները չեն կարող այնքան լինել, որ նման բան գրեր: Այդ ճնշումներն անհամեմատելի են այն քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումների հետ, որոնք իրենց հայտարարություններով պարբերաբար բանտարկվելու եզրին կարող են կանգնել, սակայն դա նրանց չի խանգարում, որ ազատ արտահայտվեն ու ողջունեն Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւը»: Ըստ նրա՝ Արամ Աթեշյանին պետք է ստիպել, որ հրաժարական տա, միակ ազդելու ձեւը քաղաքացիական հասարակությունն ու հայ համայնքն են. «Մենք մեր կողմից այնպիսի գործընթացներ ենք ստեղծելու, որ դա արագացնենք»: