ԽՈՇՈՐ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 6-րդ տուրում առաջատարը՝ «Փյունիկ»-ը խոշոր 5:0 հաշվով պարտության մատնեց Երեւանի «Արարատ»-ին եւ ավելի ամրապնդվեց 1-ին տեղում: Անցկացրած 5 խաղերում «Փյունիկ»-ը նույնքան հաղթանակ է տարել եւ 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Փոխչեմպիոն «Միկա»-ն հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց ետնապահին՝ «Ուլիս»-ին եւ դուրս եկավ 2-րդ տեղ: Իսկ ահա «Ուլիս»-ը 6-րդ անընդմեջ պարտությունը կրեց եւ բոլոր 6-ում էլ մրցակիցներին զիջել է մեկ գնդակի տարբերությամբ: Այս խաղում «Ուլիս»-ը պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ բեկում մտցնել խաղի մեջ եւ խփել 2 գնդակ, սակայն մրցավարի ավալացրած ժամանակահատվածում «Միկա»-ի բրազիլացի լեգիոներ Ալեքսին հաջողվեց 3-րդ անգամ գրավել Մանվել Աֆրիկյանի պաշտպանած դարպասը:
Բրոնզե մեդալակիր «Բանանց»-ը նույնպես հյուրընկալվելիս խոշոր 5:1 հաշվով պարտության մատնեց «Կիլիկիա»-ին: «Բանանց»-ի կազմում 2 գոլի հեղինակ դարձավ Հայաստանի 2005թ. լավագույն ֆուտբոլիստ Արամ Հակոբյանը:
Կապանում «Գանձասար»-ը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Գյումրիի «Շիրակ»-ի հետ մրցավեճում: