Հետախույզը կողմ է ռուս-հայկական ՀՕՊ միասնական համակարգին (տեսանյութ)
«Աշխատանքների ոչ ճիշտ պլանավորումն ու ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը վերջին 20-25 տարվա ընթացքում բերել է նրան, որ օդային պաշտպանության հարցում մեծ անցքեր ունենք։ Մենք այսօր մեր ուժերով Կարողանում ենք պաշտպանել միայն Ատոմակայանը և Երևան քաղաքը 100-120%-ով»,- ռուսահպատակի պիտակ ձեռք բերելու մտավախությամբ այսպիսի հայտարարություն է անում հետախույզ Վովա Վարդանովը։ Ըստ նրա՝ Հայաստանի մնացած տարածքները պաշտպանվում են ոչ 100%-ով և ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգում Հայաստանի ընդգրկվելը նպատակ ունի այդ բացը լրացնել. «Այս պայմանագիրը ինչ-որ տեղ միտված է Հայաստանի տարածքը լրիվությամբ պաշտպանելու օդային վտանգներից»։ Պարոն Վարդանովը աշխարհաքաղաքական երկու վտանգավոր հանգամանք է նկատել, որոնք, ըստ նրա, ծառացել են Հայաստանի առաջ։ Նրա դիտարկմամբ՝ մեկը ռուս-թուրքական հարաբերությունների սրումն է, մյուսը՝ իրավիճակը Արցախի շուրջ։ «Մեր հակաօդային համակարգը Արցախում բավականին լավն ու վտանգավոր է, բայց տեսանք, որ Սմերչը եկավ-ընկավ Հայաստանի տարածք։ Սա ի՞նչ է նշանակում, որ հակաօդային պաշտպանությունից զատ, մենք ունենք նաև հակահրթիռային համակարգի կարիք։ Հակահրթիռային համակարգը, կարելի է ասել, զրոյական է, ռուսական համակարգի հետ ընդհանրանալով՝ մենք ինչ-որ տեղ կունենանք համեմատաբար ուժեղ համակարգ»։ Նա իր այս տեսակետը հնչեցնում է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մինչ այս պահը Հայաստանն ունի հակաօդային С-300В համակարգ, իսկ ռուսական բազայում գտնվում է С-400 հակաօդային համակարգ. «Սրա հեռավորությունն ավելի հեռու է, կարճ ասած՝ մենք հիմա մինչև Վանա լիճ ռուսների օգնությամբ կարողանում ենք պաշտպանվել օդային ցանկացած թիրախներից։ С-300-ը անխուսափելի չի դարձնում խոցումը»։ Մանրամասները՝ տեսանյութում