ՄԻՊ-ը Հայկ Խանումյանի դեպքը չմեկնաբանեց (տեսանյութ)
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եւ ՀՀ փաստաբանների պալատն այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին, որով էլ ավելի ընդլայնեցին իրենց համագործակցության հնարավորությունները եւ ոլորտները: Արարողությունից հետո Արման Թաթոյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Խոսելով ընտրական նոր օրենսգրքի մասին, ՄԻՊ-ը նշեց, որ այնտեղ բացեր է նկատել. «Ստորագրված ցուցակների հրապարկման հարցը պետք է քննարկվի, այստեղ կարեւոր է հաշվի առնել եւ Վենետիկի հանձնաժողովի, եւ ԵԱՀԿ-ի չափանիշները: Կոնկրետ սուբյեկտների մասով, այո, ցուցակները պետք է հրապարակվեն, ասենք, ովքեր որ ընտրական գործընթացի մասնակից են»,-նշեց նա: ՄԻՊ-ն անդրադարձավ նաեւ օրերս ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին՝ նշելով, թե ԱԺ պատգամավորների, թե այլոց հանդեպ բռնությունը դատապարտելի է, սակայն ինքն իրավասու չէ որեւէ հայտարարություն անել այդ կապակցությամբ: Ինչ վերաբերում է Գեւորգ Սաֆարյանին, որն արդեն հինգ ամիս է, ինչ կալանավորված է, Արման Թաթոյանը նույնպես չցանկացավ մեկնաբանել այդ փաստը՝ նշելով, թե ՄԻՊ-ին օրենքով արգելված է միջամտել այն գործերին, որոնք արդեն դատական պրոցեսում են: Ի դեպ, ՄԻՊ-ը խոստացավ պարբերաբար չհայտարարված այցեր իրականացնել քրեակատարողական հիմնարկներ տեղում պարզելու եւ վերհանելու դատապարտյալների խնդիրները: