«Հակառուսական տրամադրություններ բարձրացնելը օգտակար չէ»
ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 27-րդ նիստին հայ 27 պատգամավորից մասնակցել է 13-ը: Հայկական պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ իրենց հաջողվել է միասնական ու համախմբված աշխատել: Նա նշեց, որ ի թիվս շատ հարցերի, քննարկել են նաեւ ԼՂՀ շուրջ զարգացումները. «Եղավ հետաքրքիր բանավեճ: Մեր կողմից զեկուցողը՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ներկայացրեց ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառները, միջազգային իրավական նորմերի խախտումները, Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտումները»: Նիստի արդյունքում ստորագրվել է նաեւ արձանագրություն, որտեղ նշված է, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը, ու ռազմական գործողությունները տեղի են ունեցել շփման գծի ամբողջ երկայնքով: Արդյոք հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ելույթը, որը վերաբերում էր ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ընդգծված հակառուսական չէ՞ր ու արդյոք պատվիրակության ղեկավարությունը նախատե՞լ է նրան դրա համար, Հերմինե Նաղդալյանը համաձայն չէր այդ ձեւակերպման հետ. «Հակառուսական տրամադրություններ չկային ելույթի մեջ եւ այն սուր չէր: Նրա ելույթի մեջ եղել են հարցադրումներ, որոնք միշտ ասվել են: Զենքի վաճառքի հետ կապված՝ այս հողի վրա հակառուսական տրամադրություններ բարձրացնելը օգտակարություն իր մեջ չեն պարունակում. մեր տարածաշրջանում ուժերի բալանսը միշտ պահպանվել է»: Ինչ վերաբերում է երկու հարյուր միլիոն դոլար ռուսական վարկով զենքի ձեռքբերմանը, որը ձգձգվում է, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ կոնկրետ ժամկետների հետ կապված ոլորտի պատասխանատուները կպատասխանեն: Հակաօդային ընդհանուր տարածքի վերաբերյալ ՌԴ համաձայնագրի վերաբերյալ «Ա1+»-ի հարցին ի պատասխան Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ դրանք շատ խորքային, մասնագիտական հարցեր են, եւ եթե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը նման հարցադրումները բերել, հասցրել է ԱԺ, ապա անպայման խորապես վերլուծության է ենթարկել, ու կարծում է, որ իսկապես օգտակար է: Անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի փաստին՝ նա ասաց, որ խնդրի նման լուծումն իր համար բացարձակապես անընդունելի է: