Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օգոստոսին ադրբեջանական կողմը կայրի Ղարաբաղի բերքի դաշտերը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Qaxaqaget-nkar

Ռուսաստանաբնակ հայ քաղաքագետ Կարինե Գևորգյանը կարծում է, որ օրեր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևի մասին որոշումը կապված է ներգերմանական խնդիրների հետ: «Եվ ինձ համար ակնհայտ է, թե ինչ հետևանքներ սա կարող է բերել: Պարզ էր, որ Գերմանիայում թուրքական համայնքի ռեակցիան կլինի, պարզ էր, որ նրանք դուրս կգան բողոքի ցույցի: Հիմա ընդհանուր միգրացիայի ֆոնին այս բողոքի ակցիաները կարող են բերել Գերմանիայի ներքին քաղաքականության մեջ փոփոխությունների՝ միգրանտների հարցով: Գերմանիան այս քայլով լուծում էր իր խնդիրները»: Նա շեշտեց, որ դա արվեց շատ խելամտորեն. «Նկատեք, որ Մերկելը ներկա չէր այդ նիստին: Բայց չէ որ նա Մերկել մայրն է և հայտարարում էր, որ բոլորին հրավիրում էր, Գերմանիան բաց է բոլորի առջև»: Քառօրյա պատերազմին առնչվող «Ա1+»-ի հարցին ի պատասխան տիկին Գևորգյանը նշեց. «Ես հունվարին հստակ ասում էի, որ ապրիլին կլինի պատերազմ: Ես դա հաշվել էի՝ ելնելով բազմաթիվ գործոններից: Այսօրվա օրով Ռուսաստանում ուղղակի շփոթություն է՝ կապված այն բանի հետ, թե ինչ եղավ և հայ հասարակության վերաբերմունքի հետ կապված, այն հակառուսական տրամադրությունների հետ, որ այստեղ առաջացան: Գիտեք, որոշ չինովնիկների հետ խոսակցությունների ժամանակ նրանք պարզապես ասում են, թե չգիտես՝ ինչ քայլեր ձեռնարկել, որպեսզի ավելի չվատթարանա իրավիճակը: Դա նշանակում է՝ նրանք հասկացան, որ Հայաստանը երկրորդ հարվածն է Ռուսաստանի դիրքորոշմանը՝ Ուկրաինայից հետո: Հիմա Ռուսաստանում լուրջ խոսակցություն է գնում այն մասին, որ գրեթե բոլոր պետական մարմինները չեն աշխատել Հայաստանում, արդյունքներ չկան: Եվ եղավ մոտավորապես այն, ինչ Ուկրաինայի դեպքում. նրանք աշխատում էին էլիտայի հետ, իսկ լայն մասշտաբի աշխատանք հետսովետական պետությունների հետ չի եղել»: Այս անգամ քաղաքագետը հաշվե՞լ է՝ երբ կլինի հաջորդ պատերազմը. «Կարծում եմ՝ հաջորդ պատերազմը կլինի օգոստոսին. այդ ժամանակ ադրբեջանական կողմը կայրի Ղարաբաղի  բերքի դաշտերը: Եվ հայկական կողմն էլ պետք է պատասխանի»: Եթե դա իսկապես տեղի ունենա, այս անգամ ինչպե՞ս իրեն կդրսևորի Ռուսաստանը, Կարինե Գևորգյանը դժվարանում է ասել: Սակայն նա առաջարկում է Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ուղիներ փնտրել. «Միակ լեգիտիմ անձը, ով կարող է ներկայացնել Ղարաբաղի շահերը, Պարգև սրբազանն է: Դա այն պատճառով, որ հայկական եկեղեցին հանդիսանում է միջազգային կազմակերպություն, որը գրանցված է»: