Որն է բյուջեի «այլ ծախսեր» տողի «այլ ծախսեր» ենթատողը (տեսանյութ)
2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց բյուջեի կատարված ճշտումներից. «Ինչպես հասկացա՝ դեպի ավելացում է գնացել ու նշված ծախսերն էլ կատարվել են: Ծախսերի 109 մլրդ դրամի ավելացումն աննախադեպ էր: Դրանք հիմնականում եղել են վարկերի ու պարտքերի կուտակման հաշվին: Դրանք զարգացման ծրագրերին չեն ուղղվել, այլ կառավարական շենքերի վերանորոգման կամ մեքենաների սարքերի ձեռքբերմանը: Սա այն դեպքում, երբ մեր դեֆիցիտը 4.8 տոկոս է, իսկ պետական պարտքն ավելացել է 14 տոկոսով: Իսկ ծախսերի պահով աչքի է զարնում բյուջեի փաստաթղթում նշված «այլ ծախսեր» տողը, որն էլ ունի իր՝ «այլ ծախսեր» ենթատողը, որը կազմում է ամբողջ բյուջեի նկատմամբ 12.4 տոկոս: Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ բան ուզում են թաքցնել»: ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն ի պատասխան նկատեց. «Եթե միայն այս տողը լիներ, թերեւս կարելի էր ձեզ հետ համաձայնվել, սակայն փաստաթուղթը պարունակում է բոլոր մանրամասները՝ մինչեւ վերջին բջիջը: «Այլ ծախսեր» տողը տնտեսագիտական դասակարգման հոդված է: Օրինակ՝ ՊՆ բյուջեի օգտագործումը նախատեսված է այդ տողում»: Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվեց նաեւ ՀԿ-ների նվիրաբերությունների տողը՝ ինը միլիարդ դրամից ավելի ավելացել է. «Ի՞նչն է դրդել նախատեսված պլանից հետո յոթ մլրդ դրամով ֆինանսավորումը ավելացնել ՀԿ-ների համար: Խնդրում եմ ներկայացրեք այդ ՀԿ-ների ցուցակը, թե այդ ինչ կարիքների մեջ էր կառավարությունը, որ կտրուկ ավելացրել է նրանց ֆինանսավորումը»: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս պահին այդ ցանկը չունի: