Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Այվազյան. «Կապ չունի՝ մենք ԵԱՏՄ-ին ենք անդամակցում, թե ԵՄ-ին»

Քաղաքականություն
fc4b22cdf19f856d1ff2f7c0bebc9972

«ԵԱՏՄ  կազմից դուրս գալն այժմ նպատակահարմար չէ, եթե ստեղծվի համապատասխան իրավիճակ, որի ժամանակ ակնհայտ կլինի դուրս գալու  պատճառները, ապա նոր միայն կարելի է մտածել դուրս գալու մասին»,-այս կառույցից դուրս գալու Խաչատուր Քոքոբելյանի համոզմունքին հակադարձում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա՝  Հայաստանի՝  ԵԱՏՄ անդամակցության  տնտեսական արդյունքները  թեկուզև այնքան էլ ակնհայտ չեն, սակայն  այդ կառույցի միջոցով Հայաստանը լուծում է իր անվտանգության հարցը: Բոլորովին այլ կարծիքի է պատգամավոր  Թևան Պողոսյանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ կազմում հետընթաց ենք ապրում,  քանի որ ո՛չ տնտեսական և ո՛չ էլ արժեքային առումներով Հայաստանը չի համապատասխանում այդ միավորման մյուս երկրներին: «Այս առումով մենք պետք է ձևավորենք այլընտրանք: Մենք պետք է  պայքարենք,  որպեսզի եվրոպական ինտեգրմանն ուղղված բանակցություններն առաջ գնան, ցույց տանք քաղաքական կամք, որպեսզի որոշակի ժամանակահատվածում, թեկուզ քայլ առ քայլ կարողանանք գնալ այդ ճանապարհով»: ԱԺ  Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Վարդան Այվազյանը կարծում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն առավել շատ քաղաքական դիվիդենտներ հավաքելու խնդիր է, քան տնտեսական հաշվարկների արդյունք. «Այս առումով առավել կարևոր է ներքին զարգացման ռեսուրսների մոբիլիզացիան և ներդրումների խրախուսման քաղաքականությունն  ու նպատակաուղղված գործողությունները քան տնտեսական միավորումների անդամակցելու-չանդամակցելու խնդիրներ ներկայացնելը»: Պատգամավորը ԵԱՏՄ անդամակցության շոշափելի արդյունք է համարում  ապրանքաշրջանառության շուկայի մեծացումը: «Մենք պարզապես պետք է կարողանանք լավ օգտվել այս հնարավորությունից և զարգացնենք մեր մրցունակությունը, տվյալ դեպքում այլևս կապ չունի՝ մենք ԵԱՏՄ-ին ենք անդամակցում, թե ԵՄ-ին»: