Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՄ-ը պարզապես բանկոմատ չէ Հայաստանի համար». դեսպան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shush

«Եվրամիությունը պարզապես բարեգործական կազմակերպություն չէ, բանկոմատ չէ, որը կանխիկ գումար է վճարում»: Այսօր Հյուսիսային պողոտայում Եվրոպայի օրվան նվիրված  տոնավաճառի բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով. «Մենք Հայաստանի գործընկերն ենք եւ օգնում ենք մշակել ճիշտ քաղաքականություն, օգնում ենք Հայաստանի հասարակությանն ու կառավարությանը կառուցելու ավելի լավ ապագա»: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով «Ա1+»-ի թղթակցի հարցին, թե ինչ էր ակնարկում իր բացման խոսքում, դեսպանը նշեց. «Ես պարզապես ցանկացա պարզ բառերով ասել, որ մեր համագործակցությունը Հայաստանի հետ ավելին է, քան պարզապես փողը: Երբեմն մենք կենտրոնանում ենք թվերի վրա, բայց մենք պետք է տեսնենք, թե ինչ է այդ թվերի հետեւում, իսկ դրանց հետեւում համատեղ ցանկությունն  է՝ գնալ դեպի Եվրոպա: Դա հնարավոր է անել՝ Հայաստանում բարեփոխումները խորացնելով, երկիրը արդիականացնելով»: Անդրադառնալով ՀՀ ընտրական նոր օրենսգրքին եւ առաջիկա ընտրություններին, պարոն Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ը այս հարցում նույնպես պատրաստ է աջակցել Հայաստանին. «Լիահույս ենք, որ հաջորդ ընտրություններն ամբողջությամբ կհամապատասխանեն ՀՀ քաղաքացիների ակնկալիքներին եւ կբխեն այնպիսի միջազգային կազմակերպությունների շահերից, ինչպիսիք են ԺՄԻԳ-ը կամ ԵԱՀԿ-ն, քանի որ մենք համարում ենք, որ Հայաստանի համար հաջորդ ընտրությունները շատ կարեւոր են լինելու»: Միջոցառման ընթացքում Պյոտր Սվիտալսկին շրջեց տոնավաճառում ներկայացված բոլոր 41 տաղավարներով՝ ծանոթանալով ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին: