Գերմանիան վկայում է ցեղասպանությունը` ընդունելով դրա մեջ մեղքի իր բաժինը
http://www.vazgenmanukyan.am/index.php?topMenu=&menu1=173&menu2=173&id=1749 ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Անկախի խնդրանքով մեկնաբանելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, նշեց. «Գերմանիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը սովորական երևույթ չէ: Դա Գերմանիան է` Եվրոպայի հզորագույն պետությունը, մյուս կողմից, սա պարզապես ճանաչում չէ, սա նաև վկայություն է: Եթե Ֆրանսիան, Ռուսաստանը ճանաչում են, նրանք երկրներ են, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մի կողմում էին, իսկ Գերմանիան Թուրքիայի հետ միասին` մյուս կողմում: Եվ Գերմանիան, փաստորեն, վկայում է իր աչքով տեսած ցեղասպանությունը` ընդունելով դրա մեջ մեղքի իր բաժինը»: Վազգեն Մանուկյանն ասում է, որ առհասարակ գերմանացի ժողովուրդն այդ տեսանկյունից հիացմունքի է արժանի, որովհետև պատմության ընթացքում, եթե ինչ որ մեղքի միջով անցել է, միշտ աշխատել է այդ մեղքից ազատվել` ընդունելով իր պատասխանատվությունը. «Իրենք ամենախիստը դատապարտեցին ֆաշիզմը և դրանից մաքրվեցին: Նույնիսկ, երբ սովետական համակարգը քանդվեց ամբողջ սոցիալիստական ճամբարում, գերմանացիները դատապարտեցին իրենց կոմունիստական անցյալում տեղ գտած բռնությունները, չարաշահումներն ու անարդարությունները: Եվ հենց դրանից է, որ գերմանացիներն այդքան ուժեղ են: Իրենք կարողանում են իրենց սխալներն ընդունել, մաքրվել և առաջ գնալ: Դա կարող է մյուս ժողովուրդների համար օրինակ ծառայել»: Վազգեն Մանուկյանը կարևորում է նաև այդ բանաձևի ընդունման ընտրության պահը` բարդ քաղաքական իրավիճակ` կապված փախստականների հետ, երբ Թուրքիան Գերմանիայի համար այդքան կարևոր է, մյուս կողմից` Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Եվրոպա բարդ հարաբերություններ և այլն. «Այս քաղաքական իրավիճակում սա իսկապես մեծ նշանակություն ուներ»: Մանուկյանը կարևորում է նաև բանաձևում ամրագրված հետևյալ միտքը, որ «Գերմանիայի Բունդեսթագն արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերևս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ»: «Պետք է նշել, որ նախկինում նման ձևակերպումներ` քրիստոնյա ժողովուրդ և այլն, չէին տրվում: Սա մի նոր ազդակ է` պայմանավորված աշխարհաքաղաքական ներկա իրավիճակով, Եվրոպայի ապագայի նկատմամբ նոր մտորումներով, և այդ արտահայտությունը` «հնագույն քրիստոնյա ժողովուրդ», դերակատարում ունենալու հնարավորություն է տալիս հայերին»: Մանուկյանը շեշտում է նաև այն հանգամանքը, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո թվում էր, թե պետք է ճանաչման և դատապարտման միջազգային գործընթացը թուլանա, սակայն 100-ամյակից հետո նման կարևոր պետության կողմից արված քայլը ապացուցում է հակառակը: «Ընդհանրապես, կարելի է զարմանալ և հիանալ նաև մեր ժողովրդով, ինչը աշխարհի շատ երկրներում են արտահայտում. անցել է այսքան տարի, սակայն ժողովուրդն այնպես է ցեղասպանության ցավը տանում, կարծես դա երեկ է եղել: Այն ոգեկոչման միջոցառումները, այն հետևողական աշխատանքը, որ տարվում է աշխարհի տարբեր երկրներում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ցույց են տալիս հայ ժողովրդի յուրահատկությունը, որը պետք է հիմք ծառայի պետություն կառուցելու և համաշխարհային հայկական կառույցներ ձևավորելու դժվարին ճանապարհին»: