Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բունդեսթագի բանաձևը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ

Քաղաքականություն
tevan-1

Հայոց ցեղասպանության ճանաչումով Գերմանիան փորձելու է աշխարհին ապացուցել, որ ինքը արժեքների երկիր է և շահերը մի կողմ դրած` կա նաև արժեքային խնդիր։ ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ գերմանական Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարևոր է, այն նաև դառնում է դիվանագիտական գործիք. «Այն կարող են ավելի ուժեղները օգտագործել քո դեմ, եթե դու չկարողանաս ճիշտ քաղաքականություն վարել։ Պետք է այնքան ունակ լինել, որ թույլ չտանք ուրիշները փորձեն ճնշումներ գործադրել։ Նույն Գերմանիան մեկ օր կարող է կանգնել ու ասել, որ ես սա ճանաչել եմ, խնդրում եմ՝ դուք էլ ինչ-որ բան արեք»։ Պատգամավորի խոսքով՝ հայկական կողմը պետք է վեր կանգնի բանաձևի ճանաչման առաջացրած հուզական վիճակներից ու այսօրվանից սկսել ճիշտ աշխատանքը մի քանի ուղղությամբ. «Պետք է հանրությանը և աշխարհին  ներկայացնել սա՝ ճիշտ փիառով և կրթական էլեմենտով, հասկանալի է, որ եվրոպական և միջազգային մամուլը անդրադարձ կկատարեն։ Սա ունենալու է նաև կրթական նշանակություն, քանի որ ողջ թուրքական հասարակությունում այն կարտացոլվի»։ Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևում կա կետ հետևյալ բովանդակությամբ՝ «...ինչպես Գերմանիան առերեսվել է իր պատմության հետ»։ Թևան Պողոսյանի պնդմամբ՝ սա նշանակում է, որ պետք է փոխհատուցումների խնդիրը  բարձրաձայնել՝ օգտագործելով Հոլոքոստի ճանաչման գերմանական օրինակը։ «Եթե սա չարեցինք, միայն էմոցիոնալ դաշտում ասելով՝ ինչ լավ է, շնորհակալություն, որոշ ժամանակ հետո ուրիշները կօգտվեն այս հնարավորությունից»։ Իսկ արդյո՞ք Գերմանիայի կողմից բանաձևի ընդունումը համեմատելի է ԱՄՆ կողմից հնարավոր ճանաչման հետ. «Միջազգային հարաբերություններն այնպես են փոխվել, որ նույնիսկ փոքր երկրների կողմից ճանաչումը կարևոր է։ Չմոռանանք, որ Գերմանիան Եվրամիության գլխավոր դերակատարներից կամ գլխավոր ջութակ նվագողներից է»։ Պատգամավորի պնդմամբ՝ պետք է հասկանալ՝ ինչպե՞ս ճիշտ օգտագործել այդ գլխավոր ջութակ նվագողի ունակությունները՝ աշխարհում տարածելու, խնդիրը օգտագործելու և միջազգային այլ ատյաններում քո գործընկերոջ նման ներկայացնելու այս բոլոր հարցերը։