Գալուստ Սահակյանը ձեռք է բերել իր բաղձալի սկյուռիկը (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր երեխաների համար կազմակերպված միջոցառմանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եկել էր թոռների ուղեկցությամբ: Այնուհետեւ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսելով երեխաների իրավունքների պաշտպանության մասին՝ նկատեց՝ որքան մեծանում են մարդիկ, այնքան մանկությունը վառ են հիշում. «Սակայն, ըստ էության, մանկությունն ունի եւ իր տխուր, այնպես էլ ուրախ կողմերը, ինչպես հասարակության մեջ»: Արդյոք մանկության տարիներին նա երազո՞ւմ էր դառնալ ԱԺ նախագահ. «ԱԺ նախագահ դառնալու համար երազել պետք չէ. այդտեղ մեծ աշխատանք է պետք, եւ անում, անում, անում ես ու ինչ-որ տեղ հասարակությունը սկսում է գնահատել»: Անցած տարի հունիսի մեկին Գալուստ Սահակյանը երազում էր սկյուռ ունենալ, արդյոք կարողացա՞վ ձեռք բերել, նա պատասխանեց, որ սկյուռիկն արդեն կա ու այն գտնվում է ԱԺ այգում: Ըստ նրա՝ ոչ միայն իշխանությունը, այլեւ ամբողջ հասարակությունը պետք է նպաստի, որ անապահով երեխաներ լինեն. «Մեր վիճակն այպիսին է, որ մենք չենք կարողանում համեմատվել այլ պետությունների հետ: Ամեն ինչ պետք է անենք, որ երեխաները կարողանան կայուն զարգանան ու ինտեգրվեն հասարակությանը»: Խոսելով քաղաքական զարգացումներից՝ անդրադարձ կատարվեց նաեւ Արցախի հերոս Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե իշխանությունները հասարակությանը ճշմարտությունը չեն ասում գրավված դիրքերի մասին. «Այսօր նպատակներն այնպիսին են, որ ամենալավ գործն էլ, վատն էլ քննադատներ է ունենում. ՀՀ, ԼՂՀ քաղաքացի է, ինքն էլ իր տեսակետն է արտահայտում: Այնպես որ, ամեն տեսակետ կշռել, վերլուծել, դրանից ինչ-որ բան գտնել, կարծում եմ դա ճիշտ չէ: Մարդ, եթե ցանկություն ունի մի բան անելու, ոչ թե կիսում է տեսակետներ, այլ դնում է այն ճանապարհին, որ կարողանա իրականացնել»: Գալուստ Սահակյանը տեղյակ չէր՝ ԸՕ նոր օրենսգիրքը ուղարկվե՞լ է Վենետիկի հանձնաժողով, թե ոչ, քանի որ հունիսի մեկը, ըստ ՀՀ Սահմանադրության, այն վերջնաժամկետն էր, երբ պետք է ընդունված լիներ ԸՕ-ն ու ուղարկված Վենետիկի հանձնաժողով՝ վերջնական եզրակացության: