Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն ապրիլին շարունակեց 90-ականների գիծը. Տոֆիկ Աբասով (տեսանյութ)

Քաղաքականություն
tesakamurj

Արդյոք Ռուսաստանն ամեն ինչ արե՞լ է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախում տեղի չունենա, իսկ բախումից հետո պատշաճ քայլեր ձեռնարկի՝ այն կասեցնելու համար: Այս հարցն այսօր հնչեց Երեւան-Մոսկվա-Բաքու տեսակամուրջի ժամանակ: Պատասխանելով հարցին՝ ադրբեջանցի քաղաքագետ Տոֆիկ Աբասովն ասաց, որ ապրիլյան քառօրյա պատերազմում ռուսական կողմը շարունակել է դիվանագիտական այն գիծը, որը տանում էր 1990-ականներին. «Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում նոր մոտեցման անհրաժեշտություն կա: Պետք չէ թույլ տալ, որպեսզի դադարը երկար տեւի, կառուցողական լուծման պոտենցիալը կորած չէ, բայց կարեւոր է առարկայական խոսել»,-ասաց նա: Քննարկմանը ներկա՝  Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն էլ նշեց, որ Ռուսաստանը տարածաշրջանում ներկա է ինչպես տնտեսական, քաղաքական, մշակութային, այնպես էլ ռազմական առումներով եւ, ըստ էության, այն ինչ-որ տեղ ներգրավված է նաեւ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում: «Ադրբեջանի կողմից թվում է, թե ՌԴ-ն Հայաստանի կողմից է, իսկ Հայաստանում էլ տպավորություն է, թե այն Ադրբեջանի կողմից է: Մինչդեռ Ռուսաստանն այս խնդրում սոսկ միջնորդ է»,-նշեց պատգամավորը: Հայկական կողմից քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ Թեւան Պողոսյանը եւ Խոսրով Հարությունյանը: Վերջինս կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է վերադառնալ այն իրավիճակին, որը կար 1994 թվականին: Սրան ի պատասխան՝ ադրբեջանցի պատգամավորն ասաց, թե չարժե նման «պատրանքներ» տածել, քանի որ Հայաստանն այդ ժամանակ հաղթանակ տարավ պատերազմում՝ օգտվելով Ադրբեջանում ստեղծված քաոսից: Պատգամավորի խոսքով՝ 25 տարի անց Ադրբեջանը դեմոգրաֆիական աճ է գրանցել, ինչպես նաեւ համալրել իր սպառազինությունը: Խոսրով Հարությունյանը շտապեց նկատել, որ 25 տարվա ընթացքում Հայաստանը երկու պատերազմ է հաղթել Ադրբեջանին: Վերջինը քառօրյա պատերազմն էր, որի ընթացքում Ադրբեջանի դեմոգրաֆիական աճը չօգնեց նրանց: Թեւան Պողոսյանի կարծիքով էլ պետք է հարցադրումներ անել այն մասով, թե Ռուսաստանն ինչ հետաքրքրություններ ունի տարածաշրջանում: Պատգամավորի խոսքով՝ 2013 թվականից սկսած, երբ Հայաստան-ԵՄ բանակցություններ էին տարվում, ՌԴ-ն սկսեց զենք վաճառել Ադրբեջանին՝ այդ կերպ ցույց տալով Հայաստանին, թե ինչ կարող է լինել, եթե Հայաստանը ստորագրի ասոցացման համաձայնագիրը: Ինչ վերաբերում է ադրբեջանցի քաղաքական գործիչների հնչեցրած կառուցողական մոտեցմանը, ապա, ըստ Թեւան Պողոսյանի, կառուցողական տարբերակ կլինի այն, որ Ադրբեջանի դիվանագետները սեպտեմբերի 2-ին գնան եւ շնորհավորեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: