Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրագիտարանները Հայաստանում սպառում չունեն (տեսանյութ)

Հասարակություն
Hanr

Այսօր ոչ պաշտոնապես նշվում է Հանրագիտարանների օրը: «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրեն, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 1966 թվականի հունիսի 1-ին ստեղծվեց Հայկական հանրագիտարանի եւ տեղեկատու գրականության գլխավոր խմագրությունը, որը հետագայում հանդես եկավ տարբեր անվանումներով եւ հասավ մինչեւ մեր օրեր: Այվազյանը, սակայն, ցավով փաստում է, որ հանրագիտարանային մշակույթ ունեցող երկրում այսօր հանգիտարանները պահանջարկ չունեն: «Վերջերս առավելագույն` 5000 տպաքանակով, միայն դպրոցական դասագիրք ենք տպագրել, որի պահանջարկը կար, իսկ մնացած հանրագիտարանները, որը մենք տարին մեկ կամ երկու տարին մեկ հրատարակում ենք, ունեն ընդամենը 1500 տպաքանակ»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ հանրագիտարանները դեռ ծաղկում կապրեն: «Ա1+»-ի հարցին, թե ինչով են արդարացված իր հույսերը՝ հաշվի առնելով համացանցի լայն սփռումը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է արագ գտնել իր ցանկացած տեղեկությունը, Հովհաննես Այվազյանը պատասխանեց. «Համացանցում բոլոր տեղեկությունները վերցված են հանրագիտարաններից: Կարող եք վստահ լինել, որ դրանք ստուգված եւ ճշգրիտ տեղեկություններ են: Հանրագիտարանի հաղթանակներից մեկն էլ այն է, որ համացանցը ողողված է մեր գրքերով՝ առանց նույնիսկ մեզանից թույլտություն վերցնելու, բայց մենք դեմ չենք: Բացի այդ, մարդկանց մի զանգված կա, որը գիտի, որ եթե ճշգրիտ տեղեկություն ես ուզում ստանալ, պետք է փնտրել այն հանրագիտարանում, ոչ թե համացանցում»: