Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մուղդուսյան» արվեստի կենտրոնը փակման վտանգի առջեւ է (տեսանյութ)

Հասարակություն
mughdusyan-kayq

«Մուղդուսյան» արվեստի կենտրոն հաճախող շուրջ 30 երեխա կարող է զրկվել անվճար նկարչական կրթություն ստանալու հնարավորությունից. 2014 թվականից գործող  կենտրոնը փակման վտանգի առջեւ է։ «Կենտրոնի տարածքը փոխեցինք, եւ սկսեցին խնդիրները, որովհետեւ նույնքան մատչելի, որքան սկզբից էինք կարողացել տարածք գտնել, չկարողացանք այլեւս գտնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կենտրոնի հիմնադիր-տնօրեն Մարիամ Մուղդուսյանը: Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը Թումանյանի այգում կներկայացնի կենտրոնի սաների նկարչական աշխատանքները:  Մարիամը հույս ունի, որ սա վերջինը չի լինի, մանավանդ որ, կենտրոնի երեխաները հիմնականում անապահով ընտանիքներից են։ «Գալիս են նաեւ ոչ անապահով ընտանիքների երեխաներ, ում ծնողները նվիրատվություններ են կատարում կենտրոնին, եւ եթե ավելանում է գումար, մենք գնում ենք ներկեր անապահով խմբի երեխաների համար, իսկ տարածքի վարձակալության գումարների ծախսերը փորձում ենք լուծել մեծահասակների համար անցկացվող վարպետության դասերի շնորհիվ: Բայց հիմա մենք հասել ենք մի կետի, երբ այլեւս հասկանում ենք, որ այսպես չենք կարող շարունակել»,-նշեց նա: 7-ամյա Արշակը կենտրոնի սաներից է: Նա այլևս չի կարողանա դպրոցում նկարչությունից ամենաբարձր գնահատականը ստանալ, եթե ընկեր Մարիամը նրան չօգնի. «Լավ չէի նկարում, բայց հիմա ձեռքս վարժվեց, լավ եմ նկարում: Դպրոցում եկեղեցի նկարեցի, տասը ստացա»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Իսկ 7-ամյա Գուրգենն էլ ցույց է տալիս իր ստեղծագործությունը՝ հպարտանալով նոր ձեռքբերումներով. «Ես գույները սեւ էի նկարում, իսկ հիմա գունավոր գույներով եմ նկարում»,-ասում է նա: Մարիամ Մուղդուսյանը պետական ատյանների հետ հույսեր չի կապում. նրանցից  մի քանիսին դիմել է, սակայն անարդյունք: Նկարչուհին նշում է՝ պատրաստ է էլի դռներ ծեծել, միայն թե կենտրոնը չփակվի: