Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը 797 ծառայողական մեքենա կկրճատի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
government

Այսօր գործադիրի նիստից առաջ աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ կառավարությունը 797 ծառայողական  մեքենա կկրճատի։ Նա հավելեց, որ աշխատանքները կատարելիս գործակցել են բոլոր նախարարությունների հետ՝ բացառությամբ ՊՆ-ի եւ ԱԳՆ-ի, որոշ առընթեր մարմինների՝ բացառությամբ ոստիկանության, ԱԱԾ-ի, քննչական եւ փրկարար ծառայությունների: Նախարարը նշեց նաեւ, որ բյուջեից ուղղակի ֆինանսավորվող ավտոմեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում եւ հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն առաջարկեց ֆինանսների նախարարին հանձնարարել՝ կառավարության հաջորդ նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական  մարմինների սահմանաքանակների նշված նվազեցումը, ինչպես նաեւ կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերը. «Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պետք է ուսումնասիրություններ կատարվեն սպասարկվող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ: Բոլոր նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվաքանակը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը: Պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար ՊՈԱԿ-ներին, ՓԲԸ-ներին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկներին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին»: Վարչապետն էլ իր հերթին հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարությանը ստեղծել փաստաթուղթ, որ ներկրողներն իմանան, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր ներկրում իրականացնելու համար, որպեսզի մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չլինեն: Իսկ ՊԵԿ-ին էլ հանձնարարեց, որպեսզի ստեղծեն հավասար հարկային եւ մաքսային պայմաններ բոլոր ներկրողների համար: