Նա ոչ միայն տեսողության, այլև բազմաթիվ այլ խնդիրներ ունի. նախարարը՝ Զուրաբյանին (տեսանյութ)
Ես մոնոպոլիայի դեմ պայքարի թիվ մեկ ջատագովն եմ. այսօր վստահեցրեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նաեւ այն քաղաքական ուժի ներկայացուցիչն է, որը հակամենաշնորհային քաղաքականությունը համարում է ամենաարդյունավետը մեր երկրում: Ըստ այդմ՝ վարչապետի հայտարարությունից հետո նախարարությունը անցել է հստակ քայլերի, ստեղծում է մեխանիզմներ արդյունավետ լուծումներ տալու ու փաստերով խոսելու համար: Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե մենաշնորհների դեմ պայքարը Դաշնակցության 12 կետերից մեկն է եղել, ու Արծվիկ Մինասյանը գիտի, թե ովքեր են մոնոպոլիստները, նախարարը արձագանքեց. « Բան չունեմ ասելու, ինքը քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ինքը ցույց է տվել իր անգործունակությունը առհասարակ, նա ոչ միայն տեսողության, այլեւ բազմաթիվ այլ խնդիրներ ունի, բայց ես չեմ կանգնում ու չեմ սպասում, ես բոլորին էլ հրավիրել եմ մասնակցելու քննարկումներին ու գտնելու արդյունավետ լուծումներ, անկախ նրանից՝ ինձ կքննադատեն՝ ես գնալու եմ առաջ»: «Ա1+»-ի հարցին, փաստորեն, վարչապետի տված ժամկետը քի՞չ է մոնոպոլիստների հետ փաստերով խոսելու համար, նախարարը ասաց. «Վարչապետի տված ժամկետը բավարար է, որպեսզի մենք մատնանշենք հիմնական խնդիրները, բայց այդ խնդիրները հիմնարար լուծում են պահանջում, որովհետեւ նաեւ սահմանադրական նոր կարգավորումների ներքո մենք պետք է դա դիտենք: Մենք չենք կարող ուղղակի հայտարարել, որ «սրանք են» ու մի կողմ կանգնել, հարկավոր է գործողություններ անել, իսկ դրանք բազմաթիվ են: Դրա համար մենք գործակցում ենք նաեւ միջազգային կառույցների հետ»: «Ա1+»-ը հետաքրքրվեց՝ կարո՞ղ է արդյոք նախարարը մոնոպոլիստների անուններ նշել, ովքեր կհայտնվեն այդ ցուցակում. «Դուք ամբողջական արդյունքը կստանաք ինձնից, մի կասկածեք, բոլոր հայտնի անունները, որոնց մասին դուք մտածում եք հիմա, կլինեն այնտեղ, բայց ես պետք է փաստարկված հիմքեր ունենամ»: