Այս գիշեր 3 զինծառայող է վիրավորվել (տեսանյութ)
«Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի իրականացրած հրետակոծության արդյունքում 3 զինծառայող է վիրավորվել». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: «Վիրավորներից մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն ոչ թե, որ կյանքին է վտանգ սպառնում, այլ վիրավորման ծավալով է ծանր: Բեկորային վնասվածք է ստացել ազդրի հատվածում: Ընդհանուր առմամբ՝ վերջին երկու օրերի ընթացքում կյանքին վտանգ սպառնացող վիրավորում չունենք»,-ասաց նա՝ հավելելով, որ քառօրյա պատերազմից հետո առաջնագծում վիրավորվածների թիվը հասնում է 34-ի: Ինչ վերաբերում է ապրիլի 1-4-ը գրանցված 125 վիրավորներին, ապա, Խաչատրյանի խոսքով, նրանցից 87-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ծայրահեղ ծանր է շարունակում մնալ 3-ի վիճակը, իսկ 5 հոգու կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել: Կամավոր Խաչատրյանը չկարողացավ ասել, թե վիրավորներից քանիսն են հաշմանդամություն ձեռք բերել. այդ մասին դեռ վաղ է խոսել: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ այս ընթացքում վիրավորներին առաջնագծում օգնություն ցուցաբերելիս հակառակորդը նպատակային կրակահերթ է արձակել շտապ օգնության 4 մեքենայի վրա. «Դրանցից մեկը պայթեցրել են, բայց, բարեբախտաբար, բուժանձնակազմը մեքենայից դուրս օգնություն ցուցաբերելիս է եղել վիրավորներին: Մյուս 3 մեքենայի վրա էլ կրակել են տարբեր տրամաչափի հրազենային զենքերով: Վիրավորներ ունեցել ենք, բայց մահվան դեպքեր՝ ոչ»: Կամավոր Խաչատրյանը նշեց նաեւ, որ այս քառօրյա պատերազմի արդյունքում իրենք մշակեցին բուժօգնության նոր մոդել, որը գերազանցում է նախորդին. «Մեր մեջ ծնվել է ղեկավարման եւ բժշկական ապահովման նոր մոդել, որը չի նմանվի եւ չի լինի ոչ ՆԱՏՕ-ական, ոչ ռուսական, այլ զուտ հայկական»: