«Նշանակում է՝ ոչ լեգալ ու ոչ էլ լեգիտիմ եք եղել». Շարմազանովը՝ Օսկանյանին (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ԸՕ նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը եւ հայտարարեց. «Նայելով ձեր աչքերին՝ ասում եմ՝ այս նախագիծը համամասնական համակարգ է: Աշխարհում ԸՕ տարբեր տարբերակներ կա: Այն, ինչ մենք առաջարկում ենք, աշխարհի շուրջ քսան երկրում կիրառվում է՝ Մերձբալթյան, Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Ինչ վերաբերում է բաց համամասնական ցուցակներում կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկմանը. քանի՞ կոպեկ արժե այն ուժը, որը ընտրատարածքում չունի համապատասխան թվով ներկայացուցիչներ՝ ցուցակում ներառելու համար: Քաղաքականությունը լուրջ թիմային աշխատանք է պահանջում: Քանի՞ կուսակցություն գիտեք, որ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին: Հիմա չթվարկեմ՝ «Ալյանս», ՔՊ. մարդիկ գործ են անում»: Պարոն Շարմազանովն անդրադարձավ ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթի այն հատվածին, թե քսան տարի շարունակ ընտրությունները կեղծվել են. «Քսան տարի կեղծվել են ընտրությունները, ու սա ասում է բարձր պաշտոն զբաղեցրած անձը: Նախկինում երբեք նման հայտարարություններ չէր ասվել. միգուցե թաքուն ականջին ասվել է, սակայն հրապարակային՝ ոչ: Եթե պնդում եք, որ քսան տարի շարունակ ընտրությունները կեղծվել են, ապա գոնե 1998թ., 2003թ., երբ դուք՝ որպես ԱԳ նախարար էիք, նշանակում է՝ ոչ լեգալ ու ոչ էլ լեգիտիմ եք եղել: Այստեղ են ասել՝ յազիկ մոյ վռագ մոյ»: