Հայերի ամենասիրած զբաղմունքը կենաց ասելն է. Քլունի (տեսանյութ)
«Զույգ արեգակներ երկու ծագերից, մեկը` խավարի, մյուսը` կիզման: Ներկան անգո է, անցյալն՝ անորոշ, գալիքն՝ անստույգ…»:
Այսօր էլ աշխարհում աղետներ են ստեղծում մարդիկ, ինչպես մեկ դար առաջ, ու այսօր էլ աշխարհում կան հերոսներ, որ արձագանքում են մարդկության կանչին:
Երկրային հաճույքներն անցողիկ են, հավերժ են միայն բարի գործն ու համբավը, անունն ու արժանիքը, նախանձն այլանդակում է էությունը, իսկ եթե աչքդ կուշտ չլինի, էլ չես փակի, կմնա անտակ:
«Ավրորա» մրցանակաբաշխության ինչպես մարդասիրական գաղափարը, այդպես էլ բուն երեկոն բարու և չարի բախման հավերժական կատեգորիաների մի իսկական էքսկուրս էր:
Բոլորն անհամբեր սպասում էին, թե ինչ պետք է ասի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին մրցանակ հանձնելուց առաջ: Օսկարակիր դերասանը սկզբում կատակեց, նախ Ռուբեն Վարդանյանին անվանելով իմ լավ ընկեր Մեթ Դեյմոն՝ հավանաբար նկատի ունենալով տաղանդավոր, պահանջարկ ունեցող, սակայն փակ ու համեստ կյանքով ապրող դերասանի արժանիքները: Հետո ասաց, որ չնայած մի քանի օր է Հայաստանում, սակայն հասցրել է հասկանալ, որ հայերի ամենասիրած զբաղմունքը կենաց ասելն է, և ինքն էլ ցանկություն ունի թեև առանց խմիչքի կենաց ասել Ռուբենի, Վարդանի ու Նուբարի մասին, այն հայ մարդկանց, որոնք չեն ապրում Հայաստանում, սակայն իրենց կյանքը կապում են ազգի ապագայի հետ: Որոնք բացառիկ գործ են անում, և որոնց բարեգործության սկզբունքը երախտագիտությունն է ու մարդասիրությունը: Իսկ խոսքը ավարտեց ,ասելով որ եթե ուզում ենք գոյատևել, ապա իրավունք չունենք հայացքներս թեքել ոչ Սիրիայի, ոչ Հարավային Սուդանի, ոչ Կոնգոյի փախստականներից: Նրանք նույնպիսի մարդիկ են, ինչպիսին ես եմ կամ դուք, ասաց հոլիվուդյան դերասանը: Քլունի ընտանիքը ժամանակին սովի պատճառով Իռլանդիայից Միացյալ Նահանգներ գաղթեց… այսօր պատվելով մեր հերոսներին պատվում ենք նաև մեկ ու կես միլիոն կյանքերը որ նահատակվեցին 101 տարի առաջ: Պատվում ենք ողբերգությունը իր անվամբ կոչելով` Ցեղասպանություն: Հիտլերի հայտնի խոսքերը, թե ով է այսօր հիշում հայերին, սա է պատասխանը`ամբողջ աշխարհը:
«Սպասում եք որ ճառ ասեմ, բայց իմ հայերենը ընտանեկան լեզու է, և ես բեմի վրա հայերեն չեմ խոսի, ֆրանսերեն էլ չեմ խոսի, անգլերեն էլ: Երբ որ բերանս կբանամ երգելու համար է:Երկար ճառերի համար արդեն բերանս չեմ բանա…հումորով ասաց Ազնավուրը, մարդ, ում անունով հպարտանում են բոլոր հայերն ու ճանաչում է ողջ աշխարհը: «Ավրորա» մրցանակը ասես «Ազնավուրը Հայաստանին հիմնադրամի շարունակությունն է»,- սա էլ Ազնավուրի խոսքն էր:
«Մրցանակաբաշխությունը թե գաղափարի և թե կատարման տեսանկյունից ու որակով միանշանակ պատվաբեր է Հայաստան երկրի համար»,- համոզված է երեկոյին ներկա գտնվող Ստաս Նամինը:
Նրա հետ համաձայն է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
«Ավրորայի» առաջին հերոսը` դրամական մրցանակին արժանացած Մարգարեթ Բարանկիցեն Բուրունդիից հիացած ու զարմացած է հայ ազգից, կանգուն մնալու նրա ունակությունից, ու մի օր վերադառնալու մեծ ցանկություն ունի:
«Մենք ուզում ենք ասել, որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, այնքան պինդ ենք ոտքի կանգնել, որ այժմ մենք ենք պատրաստ ձեռք մեկնել աշխարհին: Մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը ասաց թավրիզցի իր տատիկի մարդ լինելու սկզբունքն ընկալած «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:
Իսկ մեր հարցն, արդյոք «Ավրորան» կդառնա՞ հայ ժողովրդի արշալույսը, լրագրողների, հիմնականում արտասահմանյան, հոծ բազմության առաջնահերթությամբ պայմանավորված հնչել չհասցրեց:
