ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցը կաշառք է պահանջել. հաղորդում
Քաղաքացի Հեղինե Հ.-ն տեղեկություններ է հայտնել ՀՀ մաքսային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ կաշառք պահանջելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Հեղինե Հ.-ն նշել է, որ 2016 թվականի փետրվարի 3-ին ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցը կաշառք է պահանջել՝ արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված իր անձնական օգտագործման գույքն առանց մաքսային վճարումներ կատարելու և սեղմ ժամկետում իրեն հատկացնելու համար: Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն