Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել մեկ այլ զինծառայողի
Ժամկետային զինծառայող Գևորգ Ասոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ժամկետային զինծառայող Մ.Մելիքյանին։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանի դին հայտնաբերվել է 01.04.2016թ.՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվել և շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում՝ մարտի 29-ին, ապրիլի լույս 1-ի գիշերը Գ.Ասոյանին վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը ստորացրել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող, շարքային Մ.Մելիքյանը։