Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ վարչապետերի՝ Հայաստանում կայանալիք նիստը կշտկի բացթողումը (տեսանյութ)

Պաշտոնական
5808_hq

Ապրիլի 18-ին Երևանում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդատվություններ` երկկողմ օրակարգի, ինչպես նաև եվրասիական տարածքի ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցության հարցերի շուրջ: Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ ղազախական կողմից` ՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևը: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարաբերությունների զարգացման ներկա ընթացքն ու հեռանկարները: Այդ համատեքստում շեշտվեց արտաքին գերատեսչությունների համագործակցության կարևորությունը երկկողմ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային կառույցներում փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ` ներառյալ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում գործնական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերը: Ընդգծվեց կառուցողական արտաքին քաղաքական փոխգործակցության և ջանքերի համադրման անհրաժեշտությունը` ի շահ տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու խորացման, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև փոխգործակցության առաջխաղացման հարցում: Կայացած խորհրդատվությունների արդյունքները պատվիրակության ղեկավարները ներկայացրին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ: ՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 19-ին Երևանում նախատեսվող ՀԱՊԿ անդամ-երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների ձևաչափով խորհրդատվություններին: ------------------------------ Ապրիլի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևին, ով Երևան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։ Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, բանակցային գործընթացին հասցված վնասը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարումը, ինչն ամրագրված է նաև ՀԱՊԿ գագաթաժողովների և ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված փաստաթղթերում։ Նախարարը հավելեց, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին։ Անդրադառնալով ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների՝ Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգելուն՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, և հույս հայտնեց, որ մայիսի 20-ին ԵԱՏՄ վարչապետերի՝ Հայաստանում կայանալիք նիստը կշտկի այդ բացթողումը։ Հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը։