Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհստակեցվի ժամանակակից սպառազինության անվանացանկը

Պաշտոնական
c9414349503dedad9862bc87cbc9b312

Կառավարության վաղվա նիստում կհաստատվի «Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հունիսի 26-ին: Փաստաթղթով նախատեսվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչև 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: ՀՀ ֆինանսների նախարարին կհանձնարարվի իրականացնել հսկողություն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: ՀՀ պաշտպանության նախարարին՝ հստակեցնել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝  արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները։ Կառաջարկվի ՀՀ կենտրոնական բանկի նախագահին՝ ա. Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016 թվականի ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ, բ. վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը: