«Սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանին». ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հայտարարություն Վերջին երկու տարիներին Ադրբեջանի սաստկացող ռազմական սադրանքներն ու ոտնձգությունները հասան իրենց վերջնակետին՝ վերաճելով պատերազմի տանող լայնածավալ ռազմական արկածախնդրության: Մինչդեռ, սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Մի՞թե այժմ էլ միջազգային կառույցներն ու Մինսկի խմբի համանախագահ պետությունները, «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության օրինակով, կշարունակեն իրենց «դիվանագիտությունը»: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը պահանջում է անել ավելին, քան կողմերին միևնույն նժարի վրա դնելը: Որքան էլ արդարացի է միջազգային հանրությանն ուղղված մեր պահանջն ու ակնկալիքը, այդուհանդերձ պետք է ապավինենք մեր ուժին: Խոր երախտագիտությամբ, հույսով ու հավատով ենք լցված թշնամուն դիմագրավող մեր բանակի զինվորների ու սպաների հանդեպ: Աստված պահապան: ՊՆ