Իրանական գազ՝ սահմանամերձ բնակավայրերին (տեսանյութ)
Սյունիքի մարզի Մեղրի ու Ագարակ քաղաքները կգազաֆիկացվեն: Կառավարարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի եւ Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի՝ Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման» ծրագրին։ Կառավարության նիստից հետո Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը նշեց, որ մատակարարվող գազը ոչ թե ռուսական, այլ իրանական կլինի: Սակայն նա դժվարացավ պատասխանել, թե ինչ գնով կհասնի այն սպառողին. «Դեռեւս հայտնի չէ գինը, երբ գազի բաշխման ցանցը կառուցվի, գինն էլ պարզ կլինի»: Լրագրողների դիտարկմանը, թե գազի գինը կարող է լինել շատ թանկ, այդ դեպքում ի՞նչ պետք է անի սպառողը, պարոն Յոլյանը պատասխանեց. «Դե մինչեւ էս ի՞նչ են արել առանց գազի… մենք կառաջարկենք, իրենք թող որոշեն»: Ի դեպ, աշխատանքների իրականացման ժամանակացույցի համաձայն, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016թ. սկզբին, ավարտը` 6-7 ամսվա ընթացքում: Ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ գազի գնի բանակցություններին, պարոն Յոլյանը ոչ մի հստակ բան չասաց՝ քննարկման փուլում են: Սակայն հիշեցնենք, որ նախարարը խոստացել էր, որ մինչեւ ապրիլի մեկը բոլոր հարցերի պատասխանները կլինեն: