Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարին

Պաշտոնական
52322abc-6a7f-4334-9061-711a5386d751

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտ­պանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովին: Վարչապետը շնորհավորել է Վլադիմիր Պուչկովին՝ Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայությունների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահի կողմից Բարեկամության շքանշանով պարգևատրվելու առթիվ և բարձր գնահատել նրա ներդրումը նաև Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման գործում: Կառավարության ղեկավարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացումը և խորացումը, որի ուղղություններից մեկն էլ արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման բնագավառում համագործակցության ընդլայնումն է: Վարչապետը ողջունել է այսօր ՀՀ Կոտայքի մարզում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի բացումը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ գործունեություն կծավալի: Վլադիմիր Պուչկովը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ Նախագահի կողմից Բարեկամության շքանշանով պարգևատրվելը: Պարոն Պուչկովը կարևորել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի բացումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի այդ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության որակապես նոր մակարդակի բարձրացմանը և համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարությունների փոխգործակցության կապակցությամբ և կարևորել ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ քաղաքացիական պաշտպանության բնագավառում դրա զարգացումն ու խորացումը: