Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամսական 800-1000 ձեռնարկություն դադարում է գործել (տեսանյութ)

Տնտեսություն
Diana-nkar-Gagik-Makaryan

ՓՄՁ-ների զարգացման համար 2015թ-ին էկոնոմիկայի նախարարության կողմից ընդունված նոր ռազմավարությունը՝ 2016-2018թ-ի համար՝ ըստ «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանի՝ կարող է դրական ազդեցություն ունենալ, եթե այն ճիշտ կիրառվի: « Դրանով նախատեսված է ՓՄՁ-ների որակական զարգացում ապահովել, շեշտը դնել նրանց որակի, գիտելիքների և կայուն զարգացման վրա, քան քանակի , քանի որ քանակը ցույց տվեց, որ դա սխալ մոտեցում է»,-ասաց նա: Բանախոսի փոխանցմամբ՝ ամսական 800-1000 ձեռնարկություն, հատկապես     ՝ փոքր, դադարում է գործել: Դրա փոխարեն գուցե 100 ձեռնարկություն էլ բացվում է, սակայն դա տնտեսության զարգացման վրա լուրջ ազդեցություն չի ունենում: Այս համատեքստում պարոն Մակարյանն առանձնացնում է մի քանի խնդիր: «Ես զարմանում եմ, երբ ամեն տարի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը խոսում է մոտ 14.000 ՓՄՁ-ներին խորհրդատվություն տրամադրելու մասին,սակայն ինչո՞ւ հատկապես որպես թիրախ չի վերցնում նաև այս միկրոձեռնարկությունները՝ նրանց գիտելիքներ հաղորդել և բիզնեսը զարգացնելու համար սատարել: Ռուսաստանից ներմուծումը դեպի Հայաստան աճելու տենդենց ունի, ռուբլու ինֆլյացիան բերում է խթանման՝ ռուսական ապրանքների ներմուծման տեսանկյունից: Ռուսական ապրանքներն ավելի են ներխուժում Հայաստան՝ առաջացնելով նոր խնդիրներ տեղական արտադրողների համար,հատկապես սննդամթերքի ոլորտում: Մենք արդեն իսկ տեսնում ենք, որ ալյուրի, կոնֆետեղենի, ապակյա տարաների, յուղի և նման այլ բնագավառներում նրանք գերակշռող ազդեցություն ունեն: Ապակյա տարաներ արտադրող «Կլասվորդ» և «Սարանիստ» ընկերությունները դադարեցին գործել, որոնք շատ կարևոր էին պահածո կամ հյութեր արտադրող ընկերություններին ապակյա տարաներ մատակարարելու համար, իսկ հիմա ավելի ձեռնտու է Ռուսաստանից ներմուծելը»,-նշում է Գագիկ Մակարյանը՝ հավելելով նաև, որ մի կողմից լավ է էժան ապրանքներ ձեռք բերելը, սակայն մյուս կողմից էլ տուժում են տեղական արտադրողները՝ չդիմանալով մրցակցությանը: Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ստվերի և կոռուպցիայի հաղթահարման առումով բազմաթիվ անելիքներ ունի նոր ՊԵԿ-ը: «Այն վերականգնեց իր հին կարգավիճակը, ճիշտ է այն կառավարությանը կից է գործում, սակայն դա չի խանգարում, որ ունենա լուրջ դերակատարություն տնտեսության մեջ: Մեզ մոտ ստվերը սկսվում է հենց ներմուծման դարպասներից, երբ տարբեր ապրանքներ բերվում են ու չեն մաքսազերծվում կամ մաքսազերծվում են այլ ապրանքի անվան տակ կամ բերված գնից միանգամայն այլ գներով»,-եզրափակեց նա: