Փոխվե՞լ են կանանց իրավունքները՝ 100 տարի անց (տեսանյութ)
Ո՞վ կարող է հասկանալ կնոջը: Տղամարդիկ չեն էլ փորձում, պարզապես Մարտի 8-ին փորձում են հաճելի դարձնել նրանց օրը՝ ըստ իրենց երևակայության:
Երբ 1908թ-ին 15.000 կին դուրս էին եկել Նյու- Յորքի փողոցներ՝ աշխատանքային օրը կրճատելու և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալու պահանջով, թերևս ենթադրում էին, որ 100 տարի հետո հավասար իրավունքի հարց այլևս չի լինի: Արդյո՞ք նրանց պայքարը լիարժեք պսակվել է հաջողությամբ: Հարցին ի պատասխան մեր համաքաղաքացիները «Ա1+»-ի հետ զրույցում նշում են.
«Աշխատավարձից ելնելով անգամ՝ Հայաստանում տղամարդիկ ավելի շատ են վարձատրվում, քան կանայք, իսկ դա հենց ինքնին խոսում է այն մասին, որ սահմաններ դեռևս դրվում են»:
«Հիմա՝ այս պայմաններում, ավելի շատ բեռը ընկած է կնոջ ուսերին, քան տղամարդկանց»:
«Ես ուրախ եմ, որ կամաց-կամաց փոխվում է դեպի լավը, ինքնուրույնության են ձգտում, փորձում են ամեն ինչ հաղթահարելով՝ հասնել ամեն ինչի: Առաջվա հետ համեմատած՝ նույնիսկ 10 տարի առաջվա հետ՝ տարբերությունը շատ-շատ է»:
«Կարծում եմ Հայաստանի պայմաններում, այս իրավիճակում կնոջ դերակատարությունը բավականին բարձրացել է և , իհարկե, շատ առաջխաղացում կա ի համեմատ նախորդ տարիների»:
«Ինչքան շատ կին լինի մեր քաղաքականության մեջ և ընդհանրապես մեր հասարակական կյանքում, այնքան ավելի լավ, որովհետև կնոջ ներկայությունն ավելի է զգաստացնում տղամարդկանց և ավելի գեղեցկացնում է շրջապատը»:
«Այսօր մեծ տեղ են գրավում կանայք և պետական պաշտոններում և առհասարակ: Ինձ թվում է՝ լավ է ամեն ինչ, գնալով ավելի ենք զարգանում, ավելի շատ փոփոխություններ կան»:
Անկախ առկա խնդիրներին՝ Երևանում այսօր տոնական տրամադրություն էր:
Հիշեցնենք, որ հայրենի կառավարության որոշմամբ՝ ոչ միայն Մարտի 8-ն էր այս տարի ոչ աշխատանքային, այլև մարտի 7-ը: Դրան գումարվել էին նաև շաբաթ-կիրակին՝ հանգստյան օրերը դարձնելով չորս օր՝ ի ուրախություն հատկապես երեխաների: Նրանք էլ իրենց բանաստեղծություններով էին շնորհավորում մայրիկներին:
Մանրամասները՝ տեսանյութում: