«Մարդիկ հեռացել են բնությունից. կուզեի վերականգնել այդ կապը»
Հարուստ գույներ, կենդանի պատկերներ, բնությունը յուրօրինակ կերպով զգալու եւ ընկալելու հատկություն: Իմպրեսիոնիստական ոճում ստեղագործող երիտասարդ նկարչուհի Հայկուհի Խաչատրյանը սկսել է զբաղվել նկարչությամբ դեռ 14 տարեկանից, ինչին մեծապես նպաստել է ծննդավայր Գորիսը:
«Իմ մանկությունն ու պատանեկությունն անցել են Գորիսում, որի բնությունը, մասնավորապես՝ Հին Գորիսի ժայռերն ու քարանձավները ազդել են իմ` որպես նկարչի ձևավորման ու կայացման վրա: Առաջին լուրջ աշխատանքս հենց գորիսյան ժայռերի բնապատկերն էր: Քեռիս նույնպես նկարիչ է, կարելի է ասել՝ նա էլ է ինձ համար եղել ոգեշնչման աղբյուր»:
Նկարչուհին փորձել է ստեղծագործել նաեւ այլ ոճերում, սակայն հետագայում ծանոթանալով իմպրեսիոնիստական ոճի նկարիչների՝ մասնավորապես Վինսենթ վան Գոգի, Կլոդ Մոնեի, Էդուարդ Մանեի, Ալֆրեդ Սիսլեյի աշխատանքներին, ինչպես նաեւ լինելով Փարիզի Օրսե թանգարանում՝ զգացել է, որ հենց այդ ոճն է իրեն գրավում:
«Այս նկարների գաղափարի ծագումն իսկապես հետաքրքիր երևույթ է, որը շատ դեպքերում ինձ համար էլ մնում է անբացատրելի: Լինում են դեպքեր, երբ հայտնվելով այս կամ այն վայրում` բնության մեջ կամ ինչ-որ նոր քաղաքում` դրանք մեծ տպավորություն են գործում ինձ վրա, և միանգամից այդ վայրերը կտավի տեսքով վերարտադրելու ցանկություն է առաջանում ինձ մոտ: Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ ես ինքս եմ իմ մտքերում ստեղծում պատկերներ, որոնք իրականում գոյություն չունեն: Շատ հազվադեպ, բայց եղել են դեպքեր, երբ նկարները ուղղակի ծնվել են իմ երազներում»:
Այն հարցին, թե ինչքանով են այս նկարները բնութագրում հենց իրեն, նա պատասխանեց.
«Կարելի է ասել, որ իմ նկարները ես եմ` գույների տեսքով: Յուրաքանչյուր աշխատանքս էլ լավագույնս բնորոշում է ժամանակի տվյալ պահին իմ հոգեվիճակը: Եթե նկատել եք, իմ կտավներում չկան մռայլ գույներ, և գերակշռում են տաք գույները՝ հատկապես դեղինը, կարմիրը, կանաչը իրենց տարբեր երանգներով: Ես կյանքում պայծառ, լավատես և հավատով լի անձնավորություն եմ և կարծում եմ, որ այս առումով իմ նկարները ինչ-որ տեղ (եթե ոչ ամբողջությամբ) արտացոլում են իմ ներաշխարհը»:
Հայկուհին կարծում է, որ նկարների միջոցով շատ բան կարելի է փոխանցել դիտողին. «Նկարները իրենց մեջ մեծ էներգետիկա են պարունակում, այդ իսկ պատճառով փորձում եմ հնարավորինս այնպիսի գույներ օգտագործել, որոնք միայն դրական լիցքեր կհաղորդեն մարդկանց, բայց ըստ իս՝ ամենակարևորը նկարների միջոցով բնության և կյանքի հանդեպ սեր սերմանելն է: Այսօր մարդիկ հեռացել են միմյանցից իրենց ապրելակերպի, կյանքի արագ ընթացքի պատճառով և առավել ևս հեռացել են բնությունից. ես կուզենայի իմ նկարների միջոցով վերականգնել այդ կապը, ավելի լսելի դարձնել բնության ձայնը»:
Հայկուհին մասնագիտությամբ իրավաբան է, սակայն համալսարանական տարիներին նույնպես ակտիվորեն ստեղծագործել է:
«Մասնագիտություն ընտրելու տարիներին չէի կարող մտածել, որ նկարչությունը կդառնա իմ կյանքի այսքան կարևոր մասը: Ուղղակի այդ ընթացքում չկար ինչ-որ կողմնորոշիչ բան, որը կօգներ ինձ կատարելու ավելի հստակ ընտրություն: Բայց եթե տարիները հետ վերադարձնելու հնարավորություն ունենայի, անպայման կընտրեի այս ուղղությունը, քանի որ հիմա ես պարզապես չեմ պատկերացնում ինձ առանց ստեղծագործելու. հրաժարվել դրանից, կնշանակի կորցնել իմ մի մասը»:
Հայկուհու կարծիքով՝ արվեստի այս ճյուղով կարելի է վեր հանել մի շարք խնդիրներ, պարզապես պետք է դա մատուցելու ձեւը հնարավորինս անկեղծ ու գեղեցիկ լինի:
Սյուզի Մուրադյան