Ենթարկվե՞լ ամուսնուն, թե՞ հաճելի լինել Աստծուն
Մի քանի հարց qahana.am կայքից Ընկերուհիս այնքան էլ հավատացյալ չէ, չի էլ մասնակցում եկեղեցական արարողություններին, բայց պատրաստվում է պահք պահել 40 օր: Մի՞թե դա անիմաստ չէ: Պահքն ունի հատուկ նպատակ, որը թելադրում է Սուրբ Եկեղեցին: Պահքի իմաստը մեղքից հրաժարվելու մեջ է: Եթե ինչ-որ մեկը այլ նպատակով է պահք պահում, ապա կարող է դա անել ցանկացած այլ ժամանակ, քանի որ այն կապ չունի Մեծ պահքի հետ: Սուրբ Եկեղեցին Մեծ պահքի բոլոր կիրակիները հատուկ է համարում և դրանց հետ կապված հատուկ խրատներ ունի: Առանց այդ խրատների և ցուցումների պահքն անիմաստ է: Պահքի կիրակիների մասին տեղեկատվությանը հետևեք «Տոնացույց» բաժնում: Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան Իմ խոստովանահայրն ասաց ինձ, որ ենթարկվեմ ամուսնուս ու նրա հետ անկողին կիսեմ նույնիսկ Մեծ պահքի ժամանակ՝ ընտանեկան խաղաղությունը չխախտելու համար: Իսկ ընկերուհուս խոստովանահայրը նրան ասաց հակառակը, որ նախ պետք է Աստծուն հաճելի լինի, հետո նոր՝ ամուսնուն: Հիմա ո՞րն է ճիշտը: Ձեր խոստովանահայրը ճիշտ է: Խոսեք Ձեր ամուսնու հետ, և եթե նա չհամաձայնվի պահք պահել ձեզ հետ, ապա կատարեք Ձեր խոստովանահոր խրատը: Մի հետաքրքրվեք, թե ում ի՛նչ է ասվում կամ արգելվում: Մենք բոլորս տարբեր հոգևոր հիվանդություններ ենք ունենում, և, դիմելով տարբեր բժշկներին (քահանաներին), իհարկե, ստանում ենք բուժվելու համար տարբեր ցուցումներ: Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան Հուշեք, թե ինչպես վարվել անցյալ տարվա օրհնած ուռենու ճյուղերի հետ, քանի որ շուտով Ծաղկազարդի տոնն է, և նոր ճյուղեր ենք տուն բերելու: Կարող եք պարզապես այրել և մոխիրը շաղ տալ ծառի կամ ծաղիկների տակ: Օրհնությամբ՝ Տեր Շահե քահանա Հայրապետյան Պե՞տք է արդյոք Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ ներկել և ճաշակել: Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ Հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ Պահքը պահելու քո ամբողջ ջանքը: Օրհնությամբ՝ Տեր Շահե քահանա Հայրապետյան