Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պաշտոնական
սս-1

Նախորդ շաբաթ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկած Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքում այսօր Հանրապետության Նախագահը լսել է Ավստրիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի զեկույցը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Խորհրդակցությանը հանգամանալից անդրադարձ է եղել հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգին, ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Նկատի առնելով, որ դեսպան Կիրակոսյանը նաև Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարն է Վիեննայում գործող մի շարք միջազգային կազմակերպություններում, անդրադարձ է եղել վերոնշյալ միջազգային կառույցների հետ մեր երկրի համագործակցության հեռանկարին: Սերժ Սարգսյանը կարևորել է անդրադարձը ոչ միայն երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ձեռքբերումներին, այլև առկա խնդիրներին և այն հարցերին, որոնց լուծման ուղղությամբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն ունի Երևանի առավել նպատակաուղղված աջակցության կարիքը։ «Պարո՛ն Կիրակոսյան, այսօր ակնկալում եմ հայ-ավստրիական հարաբերությունների հանգամանալից քննարկում և, բնական է, քանի որ դուք նաև ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարն եք, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի առաքելության ղեկավարն եք, Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի մի շարք գործակալություններում ներկայացնում եք Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում նաև մեզ համար կարևոր նշանակություն ունեցող ՄԱԳԱՏԷ-ում, կցանկանայի, որպեսզի խոսենք նաև այս հարցերի մասին: Ավստրիան Հայաստանի բարեկամ երկիր է, զարգացած երկիր, և մեր հարաբերություններն Ավստրիայի հետ մենք կառուցում ենք՝ հաշվի առնելով պատմության ընթացքում անցած համատեղ ճանապարհը: Այսինքն՝ մեր հարաբերությունները կառուցում ենք ամուր պատմական հիմքի վրա, և պատահական չէ, որ դեռևս 1988թ. Ավստրիան առաջիններից մեկն արձագանքեց մեզ պատուհասած աղետին՝ Շիրակում կառուցվեց ավստրիական թաղամաս, ավստրիական մանկական հիվանդանոց, և հիմա էլ Ավստրիան աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին: Սրանք պատահական չեն, որովհետև բազմաթիվ անուններ միահյուսում են մեր երկրների բարեկամության պատմությունը: Ավստրիան մեզ համար չափազանց կարևոր է զարգացման իր փորձով, որովհետև մեծ հաջողությունների է հասել ժամանակակից տեխնոլոգիաների, ընդհանրապես՝ զարգացման գրեթե բոլոր ոլորտներում: Մեզ համար բավականին հետաքրքիր է Ավստրիայի փորձը բժշկագիտության, զբոսաշրջության և առանձնապես՝ ենթակառուցվածքների ու սեզոնային տուրիզմի զարգացման ոլորտներում: Իհարկե, ինձ համար շատ կարևոր է, որ մենք Ավստրիայի հետ համագործակցում ենք գյուղատնտեսության, այդ թվում՝ օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Մենք մեր երկրում այս ուղղությունները պարտավոր ենք զարգացնել: Կատարված աշխատանքը տեսանելի է, բայց ոչ բավարար: Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք Հայաստանում ավստրիական ներդրումներ ընդունելու, առավել ևս՝ արդյունաբերության ոլորտում, որովհետև Ավստրիայում կան բազմաթիվ հզոր ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում աշխարհի շատ երկրներում, և Հայաստանը, թեև լինելով իր չափերով փոքր, այդուհանդերձ, անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, որն այս առումով բազմաթիվ հնարավորություններ է բացում: Մենք պատրաստ ենք ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բավականին բարենպաստ պայմաններ, ընդհուպ՝ Ազգային ժողովում ընդունելով հատուկ օրենք որոշակի ներդրման մասին: Կուզենայի տեսնել՝ ի՞նչ աշխատանք է դեսպանատունը կատարում Հայաստանի այս հնարավորություններն ավստրիական գործարար շրջանակներին ներկայացնելու համար: Գիտեմ, որ ապրիլ ամսին տեղի է ունենալու միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը, և դրան հաջորդելու է գործարար համաժողովը: Արդյո՞ք մենք լրջորեն ենք պատրաստվում այս միջոցառումներին, որոնք կարող են իրոք շատ մեծ խթան հանդիսանալ մեր երկրի զարգացման գործում հենց ներդրումների համար: Իսկապես, շատ լավ է, որ մենք ինտենսիվ և արդյունավետ համագործակցում ենք գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում: Շատ ուրախ եմ, որ հենց ավստրիացիների հետ համագործակցության արդյունքում մենք կարողացանք ամբողջովին վերանորոգել և վերազինել մեր մշակույթի հիմնական օջախները՝ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, մեր ֆիլհարմոնիկ դահլիճը, հիմա շատ ինտենսիվ փուլում է գտնվում մեր մայր թատրոնի վերանորոգումը: Իհարկե, լավ կլինի, որ այստեղ ևս համագործակցությունը շարունակվի, բայց կուզենայի, որպեսզի օգնության, օժանդակության, ծրագրերից մենք տեղափոխվեինք նաև գործարար դաշտ: Կցանկանայի, որպեսզի մեր բիզնես հարաբերությունները շատ ավելի առաջ գնային, առավել ևս, որ Ավստրիան տիրապետում է և շատ հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի ոլորտով, բնական ռեսուրսների կառավարման, այդ թվում ՝ նաև ջրի խելացի կառավարման խնդիրներով: Եվ սա կարող է լինել գործարարության շատ մեծ դաշտ, որովհետև Հայաստանն իր բնական կլիմայական պայմաններով ուղղակի հարաբերական առավելություն ունի այլ երկրների նկատմամբ, օրինակ` արևային էներգիայի ստացման բնագավառում: Իհարկե, կցանկանայի, որպեսզի խոսեինք ԵԱՀԿ-ում առկա խնդիրների և ՄԱԿ-ում մեր հարաբերությունների մասին»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Դեսպան Արման Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին նման ձևաչափով խորհրդակցություններ նախաձեռնելու ու երկկողմ և բազմակողմ ձևաչափով այլ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկելու, առկա խնդիրները վեր հանելու և օպերատիվ ու արդյունավետ լուծումներ տալու հնարավորության համար: Նա իր զեկույցում մանրամասն անդրադարձել է Վիեննայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելության առջև դրված խնդիրներին, ամփոփել վերջին տարիներին իրականացված աշխատանքները, ներկայացրել արդյունքները և դրանց հիման վրա ստեղծված այն նախադրյալները, որոնք ամուր հիմք են դարձել հայ-ավստրիական քաղաքական երկխոսությունը և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Դեսպան Կիրակոսյանը խոսել է նաև առկա խնդիրների մասին, այդ թվում՝ միջազգային վերոնշյալ կառույցների հետ հարաբերություններում:     ՀՀ նախագահի աշխատակազմ