Էդվարդ Նալբանդյանին չի անհանգստացնում ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևի ընդունումը (տեսանյութ)
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անբարոյականություն է անվանում ՀՀ դեսպանների ու միջազգային կառույցներում պատգամավորների ուղղությամբ «քարեր նետելը». «Միջազգայնագետներն ու քննադատողները շատացել են, սա հարված է թիկունքից»: Արտաքին գերատեսչության ղեկավարին չի անհանգստացնում նաև վերջերս ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևի ընդունումը. «Զեկուցողը չի այցելել Սարսանգի ջրամբար՝ չնայած բազմաթիվ հրավերներին: Պետք չէ ուռճացնել ու չափազանցնել բանաձևի նշանակությունը: Նախկինում էլ են եղել այդպիսի բանաձևեր՝ Դևիսի, Ատկինսոնի...»,- հիշում է նա: Վատ դիվանագետների մասին Էդվարդ Նալբանդյանը չի ուզում խոսել, դա համարում է զուտ իրենց աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարց. «Բացեցի կայքերից մեկում դեսպանների նկարներով մի նյութ, որտեղ առանձնացրել էին վատ աշխատող դեսպաններին: Չեմ ասում, որ ամեն ինչ կատարյալ է, կատարված աշխատանքը կարող էր մեկ քայլ առաջ լինել»,- ասում է արտգործնախարարը: Նրան վրդովեցնում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցող դեպքերին ՀԱՊԿ-ի արձագանքի մասին հարցը: Ի՞նչ է փոխվել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Սրա մասին ինքը խոսում է արդեն 5-րդ անգամ. «Պարոն Բորդյուժան բազմիցս հայտարարություններով հանդես է եկել այս հարցի մասին, տեսակետներ հնչել են նաև դաշինքի անդամ մյուս երկրներից ևս»: Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների քանակի նվազումը կապված է Իլհամ Ալիևի քաղաքականությամբ՝ ամեն ինչ անել՝ բանակցությունները ձախողելու: