Ինչպես «շախմատի Դեյվիդ Բեքհեմ»-ը դարձավ ՀՀ ազգային հերոս. CNN
CNN-ն այսօր հայ շախմատիստ Լևոն Արոնյանի մասին հոդված է հրապարակել՝ նրան համեմատելով Բեքհեմի հետ։ Հոդվածում մասնավորապես նշվում է. Երբ Լեւոն Արոնյանը հայրենի Հայաստանի փողոցներով քայլելիս հանդիպում է իրեն ժպտացող բազմության: Ռեստորաններում, ասում են, նա սնվում է անվճար: Արոնյանը դերասան չէ, ակտիվիստ չէ և ոչ էլ աստղագետ: Նա շախմատիստ է, չորրորդ լավագույնն աշխարհում: Եվ դա՝ փոքրիկ, հետխորհրդային երկրում: Սա նշանակում է, որ նա ազգային հերոս է: «Երբ առաջին անգամ իմ նշանածը ժամանել էր Հայաստան, մենք կանգ առանք մի բենզալցակայանի մոտ, աշխատակիցներն ասացին. «Մենք քեզնից գումար չենք վերցնի»,-պատմում է 33-ամյա շախմատիստը, որն արտասահմանյան մամուլի համար «Հայաստանի Դեյվիդ Բեքհեմ»-ն է: «Սա ցնցող բան է, բայց տեղի է ունենում անընդհատ»,-ավելացնում է նա: Արոնյանի ավստրալացի ընտրյալը՝ Արիանա Կաոիլին, շախմատի միջազգային չեմպիոն է, որին էլ «շախմատի Աննա Կուռնիկովա» են անվանում: Այնուհետև կայքը հիշեցնում է, որ Հայաստանի բոլոր դպրոցներում շախմատը պարտադիր առարկա է: Այստեղ նույնիսկ երկրի նախագահը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: 3 միլիոնանոց բնակչությամբ Հայաստանը գրոսմայստերների ամենաբարձր վարկանիշն ունեցող երկրներից է աշխարհում: Վերջին հինգ շախմատի օլիմպիադաներից երեքում Հայաստանի շախմատի ազգային թիմը հաղթել է: Այն ղեկավարում է կուռք Արոնյանը: Փոքր տարիքում շախմատային հրաշամանուկ Լևոնն օրական չորս ժամ շախմատ է պարապել: Նա տարվա ընթացքում սովորաբար 7 ամիս ճանապարհորդել է՝ խաղալով միջազգային մրցաշարերում, որտեղ մրցանակային ֆոնդը մի քանի հազարից մինչև 1 մլն դոլար է կազմել: