Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը դասադուլ է անում

Հասարակություն
f14af2205ac6dcb96cac9fcfc9a216af

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին  Պարոն նախագահ, պարոն վարչապետ Ս.թ. հունվարի 18-ին դիմել ենք ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին` խնդրանք-պահանջով, որպեսզի Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի` աշխատանքից ազատված տնօրեն Լեւոն Սահակյանը վերականգնվի իր պաշտոնում: Նախարարություն ներկայացրած մեր դիմումի (այն ստորագրել է քոլեջի ուսանողության գերակշիռ մասը) պատասխանը դեռեւս չենք ստացել եւ որոշել ենք դիմել դասադուլի` ինչպես նշել ենք նախարարին հղված մեր դիմումում, որում եւ հիմնավորել ենք, թե ինչով է պայմանավորված մեր այս ցանկությունը, եւ թե ինչու է այն բխում միմիայն եւ բացառապես քոլեջի ուսանողության, այսինքն` մեր իսկ շահերից: Դիմումը ներկայացնում ենք ստորեւ: Հասկանալի պատճառներով չենք հրապարակում ստորագրությունները, սակայն անհրաժեշտության դեպքում կարող ենք դրանք ներկայացնել: «Մենք` Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողներս, ցնցված ենք այն փաստից, որ աշխատանքից ազատվել է մեր քոլեջի տնօրեն Լեւոն Սահակյանը եւ մտահոգված ենք քոլեջի հետագա ճակատագրով: Լեւոն Սահակյանը իր տնօրինության ընթացքում միշտ եղել է ուսանողի կողքին, ամեն ինչ արել է, որպեսզի մենք մեզ լավ զգանք մեր սուղ շենքային պայմանների մեջ, ամեն կերպ աջակցել է պարապմունքների հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը, միշտ ընդառաջել է մեզ` թե որպես տնօրեն, թե որպես դասախոս: Լեւոն Սահակյանը ավելին է եղել, քան սոսկ տնօրենը: Նրա եւ մեր միջեւ միշտ եղել են բարեկամական, ընկերական հարաբերություններ: Պարոն Սահակյանը սրտացավ, ուսանողի խնդիրները ըմբռնող տնօրեն է, նա ջանացել է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծագել են ուսումնական պրոցեսի ընթացքում, որի շնորհիվ տնօրեն-ուսանող պաշտոնական հարաբերությունները վերածվել էին փոխադարձ հարգանքի եւ սիրո վրա հիմնված շփումների: Հարգելի պարոն Աշոտյան, ակնկալում ենք Ձեր աջակցությունը` Լեւոն Սահակյանին վերականգնելու իր պաշտոնում: Մեր պահանջը հիմնավորում ենք ակնհայտ փաստով, որ Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը երկար տարիներ եղել է բարձիթողի վիճակում եւ միայն Լեւոն Սահակյանի աշխատանքի շնորհիվ է քոլեջը սկսել վերականգնել իր երբեմնի հեղինակությունը: Մենք սիրում ենք մեր տնօրենին, գնահատում նրա ջանքերը եւ ցանկանում ենք նրան կրկին տեսնել մեր կողքին` որպես ընկեր եւ քոլեջի ղեկավար: Պարոն Աշոտյան, Դուք հաճախ եք նշում, որ հարգում եք սովորողների իրավունքները: Մենք հավատում ենք Ձեր խոսքին եւ հույս ենք հայտնում, որ կանսաք մեր ձայնին, հաշվի կառնեք մեր իրավունքները, ու Լեւոն Սահակյանը կշարունակի պաշտոնավարել որպես տնօրեն: Պարոն նախարար, հակառակ պարագայում, եթե երեք աշխատանքային օրվա ընթացքում մեր տնօրենը չվերականգնվի իր պաշտոնում, մենք պատրաստ ենք դիմելու բողոքի տարբեր միջոցների, ընդհուպ մինչեւ դասադուլի եւ դիմելու ՀՀ բարձր ղեկավարությանը: Մենք պահանջում ենք մեր տնօրենին»: Պարոն նախագահ, պարոն վարչապետ Ակնկալում ենք ձեր աջակցությունը եւ միջամտությունը մեր այս խնդրի լուծման հարցում: Լեւոն Սահակյանը մեծ աշխատանք է կատարել քոլեջի` երբեմնի կորցրած հեղինակությունը վերականգնելու համար, որով մենք այսօր արդեն կարող ենք հպարտանալ: Մենք տեսել ենք, թե ինչպես է պարոն Սահակյանը փայփայում քոլեջը: Նա սիրում է մեզ, իսկ մենք ցանկանում ենք նրան կրկին տեսնել իր պաշտոնում: Մեր պահանջի հարցում մեզ աջակցում են մեր ծնողները, ինչպես նաեւ մեր դասախոսների զգալի մասը: Մենք` Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողներս, այսօրվանից` փետրվարի 1-ից, հայտարարում ենք դասադուլ` մինչեւ մեր պահանջի բավարարում:   Քոլեջի ուսանողություն