Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու չհաջողվեց տապալել նաև ԵԽԽՎ մյուս զեկույցը (տեսանյութ)

Քաղաքականություն
Artak-Zaqaryan-nkar

«Խավիարային դիվանագիտության հաճախորդները պաշտպանում են Ադրբեջանի տեսակետները»,-նախօրեին ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների քննարկման վերաբերյալ այսօր նշեց ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ զեկույցներից մեկն ընդունվեց, մյուսը՝ ոչ: «Մեզ հաջողվեց թույլ չտալ, որպեսզի ամենավտանգավոր նախագծերից մեկն ընդունվի»,-ասաց պարոն Մինասյանը: Իսկ «Ա1+»-ի հարցին, թե ինչո՞ւ չհաջողվեց տապալել նաև մյուս զեկույցը, գործիչը նշեց. «Մենք երկուսի հետ կապված էլ նույն ջանքերն ենք գործադրել, բայց Ուոլթերի բանաձևի ձևակերպումները չափազանց ակնառու էին, մյուսն ավելի շատ հումանիտար, սոցիալական բնույթի խնդիրներ էր բարձրացնում: Եվ այս պարագայում մեր աշխատանքը պակաս հաջողության հնարավորություն կարող էր ունենալ: Այնտեղ ասվում էր, որ այն մարդիկ, ովքեր Սարսանգի ջրամբարի հարևանությամբ են, տասնամյակներ շարունակ օգտվել են այդ ջրից և այլն: Եվ օբյեկտիվ էր, որ մեր շանսերն ավելի փոքր պետք է լինեին»: Նա շեշտեց նաև. ռեսուրսները, որ ունի թուրքական տանդեմը՝ Թուրքիան և Ադրբեջանը, անհամեմատելի են հայկական ռեսուրսների հետ: «Իհարկե, անընդհատ պետք է ամեն ինչ անել, որ այդպիսի բան չլինի, բայց պետք է նաև հաշվի առնել, որ մենք գործ ունենք մեզնից ռեսուրսներով մեծ կարողություն ունեցող պետության հետ: Մյուս կողմից կան երկրներ, որ չափից դուրս խավիարասեր են»,-ասաց ՀՀԿ-ականը: Արդյո՞ք հայկական կողմը չափից ավելի չի խոսում այլ երկրների խավիարասիրության մասին, դրանով իսկ վիրավորելով նրանց, պարոն Մինասյանը նշեց. «Եթե դա միայն հայկական կողմի տերմինալոգիան լիներ, հարցը հիմք կունենար, սակայն այդ տերմինալոգիան միջազգային է»: