Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԳՈՒՑԵ ՆԱՎԹ ՈՒՆԵ՞ՆՔ

Մարզեր

Արդեն քսան տարի է Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի աղբյուրի ընդերքից ջրի հետ այլ նյութ է արտազատվում: Նյութն առաջին հայացքից պարունակում է յուղային մաս: Գյուղացիները տարիներ շարունակ այդ հեղուկը կպչունության համար անվանել են «շիրա»:

Լուսաղբյուրցիները հակված են կարծելու, որ ջրի հետ եկողը նավթ է, քանի որ առկա է նավթին հատուկ հոտը: Աղբյուրի տարածքում, մոտավորապես 300 քառակուսի մետր մակերեսով բուսականություն չի աճում: Ըստ գյուղացիների, իրենք շատ անգամ են անսովոր ջրի մասին տեղեկացրել մասնագետներին եւ երկրաբաններին, սակայն մինչ օրս գյուղում ուսումնասիրություններ չեն իրականացվել:

ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի եւ ինժեներիային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Սեւադա Հովհաննիսյանն այս փաստը չժխտեց եւ չբացառեց, որ առաջիկայում մասնագիտական խումբը կայցելի Լուսաղբյուր եւ տեղում կծանոթանա ջրի բաղադրությանը: Իսկ, ընդհանուր առմամբ Երկրաֆիզիկայի եւ ինժեներիային սեյսմաբանության ինստիտուտի կողմից Շիրակի մարզում նավթի որոնման աշխատանքներ են իրականացվում Երեւանի պետհամալսարանի գիտահետազոտական խմբի հետ: Աշխատանքները հիմնականում տարվել են Ամասիայից մինչեւ Ախուրյան գետն ընկած եւ Մարմաշեն-Հացիկ հատվածներում:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ