Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազությունը մեկնաբանում է «Ա1+»-ի հրապարակումը

Պաշտոնական
dataxazutyun

Ձեր լրատամիջոցի «Երևան-Սևան ճանապարհը փակել են որդու կալանավորման պատճառով» հրապարակման վերաբերյալ Ձեզ ենք ուղարկում ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պարզաբանումը: Տեղեկացնում ենք, որ ինչպես ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազը, այնպես էլ բոլոր դատախազներն իրականացնում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունները: Ինչ վերաբերում է Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Օհանյանի վերաբերյալ քրեական գործին, ապա տեղեկացնում ենք. 10.11.2015թ.-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչներ Ա.Ղ.-ի և Լ.Ս.-ի կողմից ոստիկանության Մարտունու բաժնին ներկայացված  դիմումների հիման վրա Մարտունու քննչական բաժնում նյութերի նախատապրաստման ընթացքում ձեռք բերված փաստերով քննչական կոմիտեի Մարտունու բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Արմենի Օհանյանի կողմից խուլիգանություն կատարելու փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:  Կարեն Արմենի Օհանյանը ձերբակալվել է: 2015 թվականի նոյեմբերի 13-ին Կարեն Արմենի Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով.   / Հոդված 258. Խուլիգանությունը 1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: 2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: 3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, 3) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն) 4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, 5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: 4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:/  մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կարեն Օհանյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարան, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վեարբերյալ: Դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը  փաստաբանի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը միջնորդությունը մերժել է: Սույն  գործով Մարտունու քննչական բաժնում՝  ավագ քննիչ  Ա. Մ.-ի վարույթում նախաքննությունը շարունակվում է:  Գործով դատավարական հսկողություն է իրականացնում Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Է. Հ.-ն: Եվ՛ քննիչը, և՛ դատախազը իրականացնում են օրենքով իրենց վեարապահված լիազորությունները: Քննիչի, դատախազի գործողություններից դժգոհ քաղաքացիները կարող են նրանց գործողությունները բողոքարկել  վերադաս դատախազին և դատական կարգով:   Հարգանքով՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին