Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ ամբիոնից ցիտում են մեծերին

Քաղաքականություն
zara-naxdalyan

ԱԺ արտահերթ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին ելույթ ունեցավ՝ այս անգամ ընթերցելով Ռաֆայել Պատկանյանի «Վարդապետարան»-ը, որը լույս է տեսել 1889թ.: Տիկին Փոստանջյանի խոսքերով՝ այն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը եւ հուզում է բոլորին: Այն սկսվում է հետեւյալ խոսքերով. «Ամոթ, հավիտենական ամոթ հայերին...», ապա՝ ամբողջ ստեղծագործությունը հիմնված էր հարցուպատասխանի վրա: Տիկին Փոստանջյանն այն ամբողջովին ընթերցեց եւ նրան այս անգամ չընդհատեցին: «Շատ լավ է, որ չընդհատեցիք, տիկին Նաղդալյան, երեկ դուք էիք ինձ դաս տալիս: Միեւնույնն է՝ ՀՀԿ-ն ճամփա է ընկել եւ անկում է ապրել, պետք չէ չարաշահել այս պահին ձեր ձեռքում գտնվող հնարավորությունը եւ ընդհատել ինձ. դա ոչ ձեզ է հարիր, ոչ էլ մարդկայնությանը...»: Երբ նա զբաղեցնում էր իր տեղը, կրկին ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ռեպլիկներ արեց՝ հարցնելով, թե ինչ հեղինակ էր ընթերցում, թեեւ ամենասկզբում պատգամավորն ասել էր: «Կվերցնեք, կկարդաք, կիմանաք»,- պատասխանեց Զարուհի Փոստանջյանը: «Երեկ, սիրելի Զառա, ասացիք, որ իմ դասի կարիքը չունեք, թեեւ իմը դաս չէր, բայց կարծում եմ, ամեն դեպքում, կարիքը կար: Ես ձեզ նույն կերպ չեմ պատասխանի: Ճիշտն ասած՝ վկա է Աստված եւ հանրությունը, որ բոլորովին չեմ ցանկանում ձեր խոսափողն անջատել: Իսկ եթե եւս մեկ անգամ ձեզ խաբեք այդ մտքերով ու մտայնություններով, այդպես խաբված էլ մնացեք, ձեր քաղաքականությունն էլ դրա վրա կառուցեք, տեսնենք՝ դուք ինչ հաջողությունների կհասնեք»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ապա՝ ամբիոնի մոտ ելույթ ունենալու համար հրավիրելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին՝ ասաց. «Մի քիչ դժվար կլինի այս գրական-գեղարվեստական ժանրից հետո, բայց...Պարոն Փաշինյանն, անընդհատ մտածում էի՝ դադարեցնեմ ելույթը, թե ոչ»: «Այ, եթե ձեր խմբակցության անդամին դադարեցրած լինեիք...»,- պատասխանեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այնուհետեւ, դիմելով Հեղինե Բիշարյանին, Հերմինե Նաղդալյանն ասաց. «Դուք այդ իմաստով միշտ փայլուն բացառություն եք եղել, որ երբեք չեք շեղվել քննարկվող հարցից ու չեք վիրավորել»: «Այսօր մեր ամբիոնը շատ ավելի խորհրդավոր է դարձել, որ մեր մեծերին ենք ցիտում՝ մեկս մյուսին ենթատեքստով ինչ-որ բան ասելու»,- ասաց Հեղինե Բիշարյանը: