«Դու այն դրամն ես, որ թաղվեց հողում». Նարեկացուց մինչեւ Քուչակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում այսօր, երբ քննարկվում էր «ՀՀ Զինանշանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն իր ելույթն ավարտեց՝ իր կոչն ուղղելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ լինել ավելի կառուցողական: Ապա նա սկսեց երկար ընթերցել Նարեկացու տողերը՝ նման կերպ հորդոր ուղղելով Զարուհի Փոստանջյանին. «Ուզում եմ, որ բոլորս հետեւություն անենք այս տողերից»: Ռուզաննա Մուրադյանի ընթերցանությունից հետո ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղից՝ առանց խոսափողի, խոսքն ուղղեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին՝ ասելով. «Տիկին Նաղդալյան, սա քննարկում է, այլ ոչ թե պոեզիայի ժամ»: «Ճիշտն ասած՝ ինձ էլ զարմացրեց, սակայն տիկին Մուրադյանը կապել էր քննարկվող հարցի հետ»,- պատասխանեց Հերմինե Նաղդալյանը: Սկսվեց աղմուկ: «Իմ կարծիքն այն է, որ պատգամավորին ընդհանրապես չի կարելի ընդհատել, տիկին Մուրադյան, սակայն եթե մեկին ընդհատում եք, մյուսին էլ ընդհատեք»,- բացատրում էր Նիկոլ Փաշինյանը: «Որեւէ մեկին ընդհատելը հաճելի չէ, մենք էլ չենք ձգտում որեւէ մեկին ընդհատել: Եթե ընդհատելու համար շատ ճչացող հիմք չի տրվում, աշխատում ենք ձեռնպահ մնալ նման վերաբերմունքից՝ հարգանք ունենալով պատգամավորի ու ամբիոնի նկատմամբ: Իսկ տիկին Մուրադյանը գրական զեղում թույլ տվեց իրեն, բայց նարեկացիական էր, ու որեւէ մեկին վիրավորելու բան չկա Նարեկացու մոտ»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահը: «Թող Նահապետ Քուչակ արտասաներ»,- առաջարկեց Նիկոլ Փաշինյանը: «Որ դուք դա անեք, հրաշալի կլինի»,- պատասխանեց Հերմինե Նաղդալյանը: