Վահան Բաբայանը նախատեց Զարուհի Փոստանջյանին (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «ՀՀ Զինանշանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում նշեց, որ կթվա՝ երկրում առկա բազմաթիվ լրջագույն խնդիրների հարցը թողած, որքանո՞վ է նպատակահարմար քննարկել հենց այս հարցը. «Սակայն դա շատ կարեւոր է ու կապված է շատ երեւույթների հետ: Այսօր շատ մարդիկ դիմումներ են գրում ու հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից: Ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ ՀՀ քաղաքացին վեհ, վսեմ զգացողություններ կապրի եւ մի պահ կանգ կառնի՝ տեսնելով պետական խորհրդանիշը: Դրա համար յուրահատուկ մեթոդաբանություն ու հրամցնելու տարբերակ է պետք գտնել: Ապավինում եմ մեր երբեմնի հաղթանակի վրա, երբ անվերապահորեն կհարգեն մեր պետական խորհրդանիշերը ու կպահպանեն դրանք»: Իսկ ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահան Բաբայանը իր այս ելույթում եւս մեկ անգամ անդրադարձավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ հատկապես այն հանգամանքին, որ նա հանրաքվեի օրը այրել է պետական պաշտոնյաների նկարները. «Նման բան կարող են անել միայն թուրքական ու ադրբեջանական գործակալները: Մարդիկ նորից քննադատելու են ինձ, սակայն ուզում եմ ասել՝ հիմա մեզ նայում են մեր թշնամիները: Որքան էլ որ մենք չսիրենք մեր պաշտոնյաներին, սակայն չի կարելի այդպես, քանի որ մեր թշնամին այսօր օրնիբուն երազում է՝ մի վնաս տա ու գրավի մեր երկիրը: Ընդդիմություն լինելով հանդերձ՝ մենք պետք է գնահատենք մեր խորհրդանիշներն ու չոտնահարենք դրանք: Իսկ պետական պաշտոնյաները եւս մեր պետական խորհրդանիշներն են: Որեւէ մեկը այդ իրավունքը ձեզ չեն տվել»: Ըստ Վահան Բաբայանի՝ որպես անձ՝ պարտավոր չենք սիրելու կամ ընդունել որեւէ պաշտոնյայի, սակայն պետք է ընկալենք նրանց որպես պետական խորհրդանիշ. «Մենք պետք է օրենսդրական փոփոխություն անենք նաեւ այս առումով ու կիրառենք սանկցիաներ, որպեսզի նման զազրելի, վատ արարքներ մեր երկրում չլինեն: Դրանով մենք թույլ ենք տալիս մեր հակառակորդներին ուրախանալ: Դուք այնքան թույլ եք (նա իր հայացքը ուղղեց Զարուհի Փոստանջյանին-խմբ.), որ նման քայլեր եք անում, որ ձեր նկատմամբ ուշադրություն հրավիրեք»: