Զինանշանի առյուծը թռչում է, իսկ արծիվը սողո՞ւմ է
ԱԺ արտահերթ նիստում այսօր, երբ քննարկվում էր «ՀՀ Զինանշանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ երկու անգամ է հանդիպել մեր զինանշանի աղավաղման փաստի հետ. «Դատարաններում համատարած հանդիպում ենք գույների աղավաղման՝ արծիվը՝ կարմիրով է փոխված, առյուծինը՝ կապույտով: Ստացվում է, որ առյուծը թռչում է, իսկ արծիվը սողում է»: Զինանշանի հաջորդ խախտումը տիկին Փոստանջյանը արձանագրել է, երբ Թուրքիայի հավաքականը պետք է ՀՀ-ում խաղար. «Այդ ժամանակ մեր զինանշանից հանել էին Արարատը: Ես հասկանում եմ, որ գույների, գամմաների մեջ տարբերություն է առաջացնում, բայց կարեւոր է, որ գույների աղավաղում տեղի չունենա: Նույնիսկ մեր անձնագրերում նույնպես կարմիրը կապույտով տեղափոխված է: Սխալ էր տպագրված, հիմա արդեն ճիշտ են տպագրում: Այդ խախտողները, որոնք նաեւ գույներն են խառնում՝ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ, նրանք պատժվելու են, թե ոչ: Լավ է, որ էտալոնը սահմանում եք, սակայն դա դեռ հարցի լուծում չէ»: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ օրենքը սահմանում է որոշակի պատժամիջոցներ. «Եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղ խախտել է զինանշանի արտաքին ձեւը: Ես էլ եմ նկատել մի քանի տեղ, որ զինանշանի գույները խախտված է եղել: Թող վերամբարձ չհնչի, սակայն մեր հանձնաժողովը այս երկու տարվա ընթացքում բազմաթիվ նամակներ է հղել պետական հաստատություններ, ՀԿ-երին՝ ուղարկելով էտալոնային տարբերակները»: Ինչ վերաբերում է զինանշանից Արարատի դուրս բերմանը, ապա փոխնախարարը նշեց, որ անգամ զինանշանի նմանակումն է օրենքով պատժելի արարք. «Եթե այդպիսի բան եղել է, ուրեմն պատկան մարմինները որոշակի միջոցներ ձեռնարկեին»: