Ի՞նչ անել, եթե անձրեւից մեր պետական խորհրդանիշերի գույները խամրել են
ԱԺ արտահերթ նիստում այսօր սկսեց քննարկվել «ՀՀ Զինանշանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն ներկայացնում է Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նրա խոսքերով՝ ՀՀ զինանշանի օգտագործման դեպքում պետք է լինեն ընդհանուր պահանջներ՝ տեխնիկական, գունային, տարածական չափանիշներ. «Դրանով կընդգծվի՝ որքանով են հարգում իրենց խորհրդանիշը, որքանով են իրենց համարում իրենց երկրի քաղաքացիներ: Մեր խորհրդանիշների հանրահռչակելն ու ընդունելը մեզ համար պետք է թանկ լինի»: Ըստ նրա՝ առ այսօր պետական ստանդարտ գոյություն չունի. «Բազմաթիվ հեռուստահաղորդումներում, համազգեստների վրա կա զինանշանը, որը, սակայն, ունենում է տարբեր գունանշաններ, ոչ ներկայանալի է լինում»: Երբ պատգամավորները հերթագրվեցին հարցեր տալու համար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին դա ոգեւորեց, եւ նա արձագանքեց. «Պետական խորհրդանիշների ջատագովները հերթագրվեցին»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ մեզ մոտ էլ, ինչպես մյուս երկրներում պետական դրոշը չի փակցվում շենքերի, բնակարանների վրա: Փոխնախարարը նշեց, որ դա խրախուսելի կլիներ, կունենար հայրենասիրական բնույթ, մանավանդ որ օրենքն էլ չի սահմանափակում. «Մենք ամեն ինչ պետք է անենք՝ խրախուսելու դա: Պետական խորհրդանիշների հանրահռչակումը պետք է լինի մասսայական»: ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Վահան Բաբայանին էլ մտահոգում էր՝ արդյոք սպասվո՞ւմ է ՀՀ զինանշանի փոփոխություն: Արթուր Պողոսյանը նշեց, որ այս հարցը բազմիցս քննարկվել է. «Ստեղծվել էին անգամ մասնագիտական խմբեր, որոնց աշխատանքը միտված չի եղել զինանշանի փոփոխություն կատարելուն, այլ ուղղակի հարկավոր էր հասկանալ մասնագետների կարծիքը: Արդեն ներկայացվել է վերլուծություն: Մենք չենք նախատեսում զինանշանի փոփոխություն»: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հարցը վերաբերում էր պատասխանատվությանը. «Ասենք, եթե անձրեւից մեր պետական խորհրդանիշների գույները խամրել են կամ գրքի տպագրությունից գույները փախել են, ինչպե՞ս եք դա կանոնակարգելու»: Պարոն Պողոսյանը պատասխանեց, որ բավականին դժվար է իրավիճակը հենց էլեկտրոնային տարբերակի դեպքում. «Էկոնոմիկայի նախարարության տեսչությունների միջոցով կփորձեն այդ հարցը կանոնակարգել՝ «Ստանդարտիզացման մասին» օրենքի համապատասխան»: Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց նաեւ՝ արդյոք ապագայում դա կհանգեցնի՞ մոնոպոլիաների. «Ապագայում դրանից պետք է զգույշ լինել»: «Նախապես մշակված նախագիծ կա, որը վերջնական քննարկման պետք է ենթարկվի»,- վստահեցրեց Մշակույթի փոխնախարարը: