Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ կարող գալ, գրկել ու տանել Ձեզ դուրս». Շարմազանովը՝ Փոստանջյանին

Քաղաքականություն
CTV13R-vrOc

ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր ՀՀ նաեւ ցամաքային կետերում անմաքս տարածքներ բացելու հարցը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մոտեցավ ամբիոնին՝ ելույթի համար: Տեղի ունեցավ մեծ վիճաբանություն: Ըստ պատգամավորի՝ այս նախագիծը փոքր մի դրվագ է մեր հանրային կյանքում, եւ նախընտրեց անդրադառնալ կառավարության անցած տարվա գործունեությանը, որ կողմ եղավ ԵՏՄ անդամակցությանը. «Միակ ելքը այս իրավիճակում Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության հեռացումն է: Մենք պետք է ունենանք հստակ քայլեր, միասնական իրականացված քայլեր, մենք պետք է ցույց տանք նրանց նկատմամբ մեր անհնազանդությունը, մասնավորապես՝ հարկեր չմուծելով, որոնք մեր վզին փաթաթված են ու արդար չեն: Գործող ռեժիմը գործում է ԱԱԾ եւ ոստիկանության հետ միասին եւ որպեսզի նրանք այլեւ չգոյատեւեն, մենք պետք է նրանց զրկենք ֆինանսավորումից: Սիրելի հայրենակիցներ, եկող տարի ձեր աշխատավարձերը նվազելու են, իսկ գները՝ աճելու: Սա իշխանությունների ապաշնորհ եւ հանցավոր գործունեության արդյունքն  է...»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիտողություն արեց նրան՝ ասելով, թե ըստ էության խոսի, այլապես կանջատի նրա խոսափողը: «Դուք Գալուստ Սահակյանը չեք, դուք խախտում եք Կանոնակարգ օրենքը»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: «Ես Էդուարդ Շարմազանովն եմ, եւ ես ձեզ հետ բանավիճելու ցանկություն չունեմ, տիկին: Սա խեղկատակություն է... Իրար պետք է հարգենք... Եթե ձեր տանը սովոր եք այդպես... Խոսքի ազատությունը մի բան է, ամենաթողությունը՝ այլ բան... Գնացեք, նստեք ձեր տեղը: Ութ րոպե խոսեցիքն, ի՞նչ ասացիք նախագծից: Պարոն Մինասյան, մոտեցեք ամբիոնին, եթե չեք գալիս, անցնում ենք այլ հարցի... Սա մանկապարտեզ չէ, տիկին Փոստանջյան»,- հայտարարում էր պարբերաբար Էդուարդ Շարմազանովը: Իսկ այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը շարունակում էր համառորեն մնալ ամբիոնի մոտ եւ պնդել, որ միացնեն իր խոսափողը, քանի որ ինքը դեռ երեք րոպե ուներ ելույթի ունենալու համար: «Դե էստեղ մնացեք, որ մարդիկ չաշխատեն... Օգտվեք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք, չեմ կարող գալ, գրկել ու տանել ձեզ դուրս... Մի ջենտլմեն չկա՞, որ գա ձեզ հրավիրի դուրս: Ես գիտեի՝ դուք ադեկվատ մարդ եք, սակայն ընթերցեմ՝ ինչ է ասում Կանոնակարգ օրենքը կարգազանց պատգամավորների համար... արա, էս ով ա, արա»,- Էդուարդ Շարմազանովի նյարդերը տեղի էին տալիս, սակայն նա կետ առ կետ ընթերցեց կարգազանց պատգամավորների մասին կետերը:  Զարուհի Փոստանջյանն էլ կոչ արեց ընթերցել այն կետերը, թե որ դեպքում է պատգամավորը համարվում կարգազանց: Քիչ անց ԱԺ փոխնախագահը հայտարարեց երեսուն րոպե ընդմիջում: