Սահմանադրության փոփոխությունները բերելու են անցանկալի հետևանքների. «Նոր ժամանակներ»
Սույն թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ» Կուսակցության 8-րդ հաշվետու-վերընտրական համագումարը: Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը համակողմանիորեն ներկայացրեց երկրում ընթացող քաղաքական պրոցեսները: Համագումարը միաձայն Արամ Կարապետյանին ընտրեց կուսակցության նախագահ և ընտրեց 5 հոգուց կազմված ՆԺԿ Վարչություն ու 3 հոգուց կազմված ՆԺԿ Վերստուգիչ Հանձնաժողով: ՆԺԿ 8-րդ Համագումարը հանգամանալից քննարկեց ս.թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ ծավալվող գործընթացները և դրա հետ կապված հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: «Նոր Ժամանակներ» Կուսակցության 8-րդ համագումարի ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին «Նոր Ժամանակներ» կուսակցությունը վերլուծելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ողջ գործընթացը ՝ Փ Ա Ս Տ ՈՒ Մ Է՝ ա/ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ի ցույց դրեց իշխող վարչախմբի հավերժ կառավարելու ցանկությունը, բ/ Նոր Սահմանադրությունը իրականում չի լուծում Հայաստանի առաջ ծառացած բարդագույն խնդիրները, գ/ Հայաստանի բնակչության գերակշիռ մասը լիովին կորցրել է վստահությունը իշխանության մարմինների կողմից առաջ քաշվող, ծրագրերի, գաղափարների, կամ կատարվող քայլերի նկատմամբ, դ/ Հանրաքվեն անցել է բազմաթիվ ու բազմաբնույթ խախտումներով և ընտրակեղծիքներով: Ելնելով վերոգրյալից ՆԺԿ 8-րդ համագումարը Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Մ Է՝ ա/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չդարձավ ազգային միասնության գործընթաց, այն չավելացրեց վստահությունը իշխող վարչախմբի նկատմամբ, այլ նոր բաժանարար գծեր բերեց հասարակության ներսում, որն էլ ավելի կարմատականացնի զարգացող ներքաղաքական պրոցեսները, բ/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ էին և բերելու են բազում անցանկալի հետևանքների: